Բոլոր ահազանգերը նախարարությունն ուղարկում է իրավապահ մարմիններին. ԿԳՄՍ-ն՝ Փաշինյանի քարոզարշավին դպրոցականների մասնակցության մասին
Քաղաքական
14:59 13/05/2026
Հայաստան

Բոլոր ահազանգերը նախարարությունն ուղարկում է իրավապահ մարմիններին. ԿԳՄՍ-ն՝ Փաշինյանի քարոզարշավին դպրոցականների մասնակցության մասին

«Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն»,-նման վերտառության հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը, այն բանից հետո, երբ Panorama.am-ը և այլ ԶԼՄ-ներ այսօրվա հրապարակումներում ահազանգեցին, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում հանդիպումներին ներգրավել են մեծ թվով դպրոցականներ և  ուսուցիչներ, այն դեպքում, երբ դասապրոցեսի ժամերն էին։

«ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։

Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:

Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասվում է պարզաբանման մեջ :

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին է գրառում արել, որում ասվում է. «Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար:

Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:

Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder