Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ է այդ սմս-ը ստացել. Վարազդատ Հարությունյան
«Վարչական ռեսուրսի կիրառման մասսայական դեպքեր կան, որոնց մասին լսում եմ ես, դուք, բայց որոնց վերաբերյալ որևէ բան տեղի չի ունենում, որևէ մի դեպքի ընթացք չի տրվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մի քանի օր առաջ հրապարակեց մի ձայնագրություն, երեկ էլ երկրորդ ձայնագրությունը. մի դեպքում Արմավիրում պարտադրում են ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին, երկրորդ դեպքում՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը, ինչպես նաև նույն բաժնից զանգահարել են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրել, որ նույնպես գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։
«Քրեական վարույթ չի նախաձեռնվում, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում, ընթացք չի տրվում ի հակադրություն ընդդիմադիրներ ուժերի նկատմամբ իրականացվող քայլերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրությունը հրապարակում է, երկու ժամ հետո անձին մեղադրանք առաջադրած, ձերբակալած, տանում են դատարան»։
Ի դեպ, նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին քաղաքացիների հեռախոսներին սմս-ներ է ուղարկում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև հետամուտ է ընտրակաշառքի բոլոր դեպքերին։
Վ. Հարությունյանը նշեց, որ մասսայական միջոցառում է, այդպես նաև բարձրացնում են մարդկանց իրավագիտակցությունը։ Միաժամանակ նա ասաց. «Կարող է նաև տպավորություն են ուզում ստեղծել, որ մասսայական ընտրակաշառք է բաժանվում»։
Հարցին՝ արդյո՞ք քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, «կաշառք» չի կարելի համարել, օրինակ՝ «վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներն առանց քննության կրկին կստանան վարորդական իրավունք», Վ. Հարությունյանն ասաց. «Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ է այդ սմս-ը ստացել»։