Վարորդական իրավունքից զրկվածները 1 տարի անց կարող է առանց քննությունների ստանալ այն. Որոշումն ընդունվեց
Իրավունք
12:42 27/05/2026
Հայաստան

Վարորդական իրավունքից զրկվածները 1 տարի անց կարող է առանց քննությունների ստանալ այն. Որոշումն ընդունվեց

«Այս պահին վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ այն հանգամանքից, թե զրկումն առաջին անգա՞մ է կիրառվել, թե՞ չէ»,-կառավարության նիստում հիշեցրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:

Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:

«1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը, ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրքը, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների միայն մեկ անգամ: Դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան՝ տալով խիստ սահմանափակ թվով բալեր, այն է՝ 6 բալային միավոր:

Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու պայմաններում, բնականաբար, վերականգնման ռեժիմը բացառապես քննությունների եղանակով վերականգնումն է»,- ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ներկայում վարորդներն ունեն 13 բալային միավոր, իսկ վերականգնման պայմաններում կստանան 6 բալային միավոր:  

Ըստ նախարարի, եթե 6 բալային միավորը սպառվում է, կամ անձն այդ ժամանակահատվածում զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կիրառվում է զրկման եղանակը, այն է՝ անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոցը, մինչդեռ ստանդարտ պայմաններով 13 բալը սպառվելու դեպքում վարորդի իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում:

Արփինե Սարգսյանն ասաց, որ նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնելու հնարավորություն տալ՝ շեշտելով որ որոշումը չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հեգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին վերաբերող որոշումներին: 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարորդական իրավունքից զրկվածները 1 տարի անց կարող է առանց քննությունների ստանալ այն. Որոշումն ընդունվեց