Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քվեարկությունից առաջ նոր ձերբակալությունները, մեղադրանքները վկայում են իշխանության վախերի մասին. Վիգեն Հակոբյան
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկությունից երկու օր առաջ քննչական կոմիտեն հայտարարեց ՀՀԿ-ականների, պետական ու քաղաքական նախկին գործիչների ձերբակալությունների, նոր մեղադրանքների մասին։ Panorama.am-ի հետ զրուցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենը կապեց իշխանության վախերի հետ։
«Այս ամենը վկայում է իշխանության խորը մտահոգության և վախի մասին։ Ընտրություններում պարտվելու պարագայում իշխանությունը ստիպված է լինելու դիմել որոշ ոչ ընտրական, այսինքն ընտրությունների արդյունքների վրա ներազդելու գործողությունների, որը կարող է դուր չգալ հանրությանը, և հանրությունը կարող է փողոց դուրս գալ, եթե համարի, որ իրեն խաբել են։ Իշխանությունը հիմա փորձում է մեկուսացնել, իր կարծիքով, պոտենցիալ ակտիվ և ռեսուրս ունեցող մարդկանց»,- նշեց նա։
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ այսօր, վաղը կարող են լինել նոր ձերբակալություններ. «Իրենց գործողությունների տրամաբանությունը դա է հուշում։ Եթե հանկարծ ընտրությունից երկու օր առաջ, քաղաքական պրոցեսի ամենաթեժ կետում ռեսուրս, պոտենցիալ, կազմակերպչական ջիղ, հեղինակություն ունեցող ընդդիմադիրներին ձերբակալում են ինչ-որ մեղադրանքներով, որոնք, չեմ կարծում, 5 ամիս առաջ չունեին իրենց ձեռքի տակ, եթե այդպիսիք կան, դա նշանակում է, որ իշխանությունն ունի կոնկրետ պրոբլեմներ, մտավախություններ ունի, որ իր հակաօրինական հնարավոր գործողությունների պարագայում դա կարող է հանգեցնել հետընտրական զարգացումների, որտեղ այդ մարդիկ, իշխանության գնահատմամբ, կարող են ունենալ կարևոր, առանցքային դերակատարում»։
Ինչ վերաբերում է տարբեր սոցհարցումների արդյունքների, ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն է կազմում, Վ. Հակոբյանն ասաց. «Ընդհանրապես, ամենալավն իրենք գիտեն իրենց պոտենցիալը, իրենք բավականին հաճախակի ռեժիմով ստանում են հնարավորին ճշգրիտ արդյունքներ։
Կարծում եմ՝ հենց սոցիոլոգիական հարցումներն են իշխանությանն այսպես նյարդայնացնում։ Երեկվա բանավեճում էլ տեսանք իրենց վիճակը։ Հասկանում ենք, որ սա վստահ իշխանության քայլեր չեն։ Կարող են ասել՝ ունենք 75 տոկոս էլ, բայց քո քայլերը, բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, փողոցներում կանանց քաշքշելը, բոլորին վիրավորելն ու պատեպատ տալը վկայում է, որ վստահ չես ինչ-որ բանում, մտահոգություններ ունես։ Այդ ամենը ցույց է տալիս, որ մարդը վստահ չէ»։
Անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի ընտրությունների մասին «Եվրանյուզ» կայքի հրապարակած հարցման արդյունքներին, քաղտեխնոլոգն ասաց. «Այն սոցիոլոգիական գործակալության վրա, որի վրա հղում է արել «Եվրանյուզը», նշել է, որ իր հետ կապ չունի։ «Եվրանյուզն» ուղղակի կեղծել է տվյալները։ Հաշվի առնելով, որ «Եվրանյուզն» ուղղակիորեն Ադրբեջանի հետ կապված կառույց է, ամեն դեպքում կապված է բրյուսելյան եվրոբյուրոկրատիայի հետ, որն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է այս ընտրություններում, ուղղակիորեն ֆինանսավորում է այսօրվա իշխանություններին նախընտրական այս պայքարում, պարզ է, որ «Եվրանյուզի» քարոզչական այս դիվերսիան զուտ ֆեյք նորություն է, որի իմաստը թրենդ ձևավորելն է, ժողովրդին ցույց տալ, որ ամեն ինչ պարզ է հենց սկզբից։ Երբ իշխանությունն էլ փորձի հենց այդ արդյունքը նկարել, ասի՝ սոցիոլոգիական հարցումները դա էին ցույց տալիս։
Միացյալ Եվրոպան և եվրոբյուրոկրատիան այսօրվա իշխանությունների դաշնակիցն են, կարելի է ասել կոալիցիոն գործընկերներն են։
Որևէ այլ սոցիոլոգիական հարցման տվյալներով ՔՊ-ն 32-33 տոկոսից ավելի ձայն չի ստացել»։
Մանրամասն՝ տեսանյութում։