Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետ
Հասարակություն
10:52 07/06/2026
Հայաստան

Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին և կատարել իր քաղաքացիական պարտքը։

Վեհափառ Հայրապետը ընտրատեղամաս է այցելել առավոտյան։ Քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղելով հայ ժողովրդին և հայրենիքին։

««Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի հայ ժողովրդինէ հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին ծանր փորձությունները։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի մեր պետությունը՝ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, բարօր երկիր: Աստված պահապան ու օգնական հայոց ազգիս: Տիրոջ սերն ու ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի, այսօր և միշտ. ամեն»,- նշել է Վեհափառ Հայրապետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի ողջ տարածքում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն երեկոյան 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder