Կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուս գալը կլինի աղետ՝ վերջին տարիների տնտեսական մեր ձեռքբերումների վերացմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսություն
17:39 10/06/2026
Հայաստան

Կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուս գալը կլինի աղետ՝ վերջին տարիների տնտեսական մեր ձեռքբերումների վերացմամբ. Սուրեն Պարսյան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 10-ին կրկին հայտարարեց, թե Ռուսաստանը «չի հանդուրժի ԵԱՏՄ-ում Հայաստանի՝ խնամառուի կարգավիճակը»։ Դիվանագետի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն սպառնում է միակողմանի կգնալ ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս մղման ճանապարհով,  առավել ևս, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է Նիդերլանդների շուկա հայկական ծաղկի մուտքի, Լեհաստան՝ ծիրան արտահանելու և ՌԴ սահմանափակումների պայմաններում ԵՄ-ից 50 մլն եվրո վնասի փոխհատուցում ստանալու մասին։ Ինչքանով Հայաստանը պատրաստ  ԵԱՏՄ-ից ռեինտգրացիային, այն ինչպես կազդի հայկական սոցիալ-տնտեսական ոլորտի վրա։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանի հետ։

«Տրասֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը։ 2020-2025 թվականներին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումները միջինում կազմել են Հայաստան կատարված ընդհանուր ներհոսքի 60-70%-ը։ Միայն 2025 թվականին այն կազմել է մոտ 3.9 միլիարդ դոլար։ Սա անմիջականորեն ազդում է ներքին պահանջարկի, ավանդների և բանկային համակարգի իրացվելիության վրա։

Առևտրի ոլորտում Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր գործընկերն է, որին  2025 թվականին բաժին է ընկնում ընդհանուր առևտրաշրջանառության մոտ 38%-ը։ Այդ ցուցանիշը ներառում է ինչպես ավանդական՝ գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, ալկոհոլային և գազավորված ոչ ալկոհոլային խմիչքները, այնպես էլ ռուս-ուկրաինական պատերազմով և տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված մի շարք ապրանքների վերաարտահանումը։

Այս առումով, կարճաժամկետ հեռանկարում, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ առանց լուրջ ճգնաժամի տնտեսապես հեռանալ Ռուսաստանից կամ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ռուսական կողմի՝ վերջերս հրապարակած հետազոտությունների համաձայն, ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանին արժենալ ՀՆԱ-ի 30-40%-ը։ Այս թիվը ներառում է ապրանքաշրջանառության ընդհատում, էներգակիրների գների կտրուկ աճը, աշխատանքային միգրացիայի դադարեցում և ֆինանսական հոսքերի անկումը։ Այլ կերպ ասած, այն կլինի աղետ, որը կվերացնի վերջին տարիների տնտեսական ձեռքբերումները։

2022-2025 թվականների փորձը ցույց տվել, որ նման կախվածությունը Հայաստանին չափազանց խոցելի է դարձնում Ռուսաստանի քաղաքական որոշումների կամ արտաքին ցնցումների նկատմամբ։ Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ից դուրս չգալով, միջնաժամկետ ռազմավարությունը պետք է լինի դիվերսիֆիկացիան՝ նոր շուկաների որոնումը (ԵՄ, ԱՄԷ, Հնդկաստան, Չինաստան), էներգետիկ անկախության մեխանիզմների մշակումը և ներքին արտադրական կարողությունների ամրապնդումը։

Բայց եթե ​​գազի սուբսիդիաները դադարեցվեին, Հայաստանը ստիպված կլիներ գազ ներմուծել շուկայական գներով, որոնք ներկայումս կազմում են մոտ 400-500 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Սա կնշանակեր էլեկտրաէներգիայի սակագների երկու-երեք անգամ բարձրացում, ջեռուցման ծախսերի կտրուկ աճ և քիմիական, մետաղագործական և սննդի վերամշակման արդյունաբերության մրցունակության անկում: Հաշվի առնելով, որ էներգիայի ծախսերը կազմում են արտադրական ծախսերի զգալի մասը, շատ ձեռնարկություններ կհայտնվեին սնանկացման առջև: Մակրոտնտեսական ազդեցությունը կլիներ ՀՆԱ-ի 5-10% անկում՝ կախված Իրանից փոխարինման հնարավորություններից ՝ ինչը կպահանջեր նոր ենթակառուցվածքներ և, ոչ պակաս կարևոր՝ քաղաքական համաձայնեցումներ:

Ինչ վերաբերում է հայկական ապրանքների ներմուծման արգելքին, ապա հիշենք, որ 2024 թվականի ամռանն էլ Ռուսաստանը փաստացի արգելեց Հայաստանից թարմ մրգերի և բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի ներմուծումը: Սա հանգեցրեց ներքին շուկայում գյուղմթերքի գների կտրուկ անկման, արտահանող ընկերությունների համար մեծ կորուստների և արտադրության կրճատման: Եթե ​​նման արգելքը դառնա համակարգային և տարածվի նաև ալկոհոլային խմիչքների, տեքստիլի կամ այլ թեթև արդյունաբերական ապրանքների վրա, Հայաստանը կկորցնի իր ավանդական արտահանման շուկաների զգալի մասը։ Ներկայում հայկական կոնյակի մոտ 80-85%-ը արտահանվում է Ռուսաստան, ինչը կնշանակի մի քանի տասնյակ միլիոն դոլարի կորուստ միայն մեկ ոլորտից։ Արտահանման լիակատար արգելքը կամ խիստ սահմանափակումը կարող է 20-30%-ով կրճատել Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը՝ էականորեն ազդելով արտադրության, զբաղվածության և պետական ​​եկամուտների վրա։

Այսօր ունենք ավելի բարդ իրողություն, որ Ռուսաստանն արգելել է ծաղիկների, բանջարեղենի, մրգերի, հանքային ջրերի, կոնյակի արտադրանքի և ձկնամթերքի ներմուծումը ՝ հղում անելով բուսասանիտարական պահանջներին։ Սրան զուգահեռ  կառավարությունը ռուսական կողմից նամակ է ստացել, որով վերջինս սպառնում է միակողմանիորեն վերանայել 2013 թվականին ստորագրված գազամատակարարման պայմանագիրը՝ քանի որ Հայաստանը 2025 թվականին ընդունել է ԵՄ անդամակցության մասին օրենք: Իրականում, Ռուսաստանի նման սահմանափակումների հիմնական պատճառը ԵՄ անդամակցության մասին օրենքը չէ, այլ այն փաստը, որ ամիսներ առաջ ներկայում գործող իշխանությունները հայտարարեցին հայկական երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարումից երրորդ երկրի փոխանցելու մտադրության մասին: Ռուսաստանի շահերի տեսանկյունից սա լուրջ մարտահրավեր է ներկայացնում, հատկապես հաշվի առնելով TRIPP-ի և ԵՄ կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերի հնարավոր իրականացումը Հայաստանում:

Այլ կերպ ասած Ռուսաստանը պահպանում է հզոր տնտեսական լծակներ Հայաստանի վրա: Այդ լծակի ակտիվացումը, նույնիսկ մասամբ, կարող է մի քանի տարով հետ մղել Հայաստանի տնտեսությունը: Չնայած վերջին տարիներին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու կառավարության որոշ հաջողություններին՝ տնտեսական կախվածությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական մանևրների հիմնական սահմանափակումներից մեկը»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուս գալը կլինի աղետ՝ վերջին տարիների տնտեսական մեր ձեռքբերումների վերացմամբ. Սուրեն Պարսյան