Իրանը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ փոխըմբռման հուշագիրը մոտ է ավարտին
Քաղաքական
11:35 13/06/2026
Աշխարհ

Իրանը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ փոխըմբռման հուշագիրը մոտ է ավարտին

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ  Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ են երկկողմ փոխըմբռնման հուշագրի վերջնական համաձայնեցմանը, որի շրջանակում նախատեսվում է Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների ազատում և մի շարք այլ քաղաքական ու տնտեսական պայմանավորվածություններ։ Այս մասին հայտնում է  «Մեհր» լրատվական գործակալությունը։

Արաղչիի խոսքով, փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և հայտնի է որպես «Իսլամաբադի հուշագիր»։ Այն արդեն անցել է բազմաթիվ խմբագրումներ և քննարկումներ Իրանի բարձրագույն որոշում կայացնող մարմիններում։ Նախարարը նշել է, որ փաստաթղթի ամբողջական բովանդակությունը կհրապարակվի միայն ստորագրումից հետո, քանի որ դեռևս հնարավոր են վերջնական փոփոխություններ։

Ըստ Իրանի ԱԳ նախարարի, բանակցությունները բաժանվել են երկու փուլերի։ Առաջին փուլում նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիրը, իսկ երկրորդ փուլում՝ 60 օր անց, սկսել հիմնական բանակցությունները միջուկային ծրագրի և պատժամիջոցների հարցերի շուրջ։ Արաղչին ընդգծել է, որ միջուկային ծրագրի թեման այս փուլում հետաձգվել է, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ-ի որոշ պահանջների շուրջ, որոնք Թեհրանի համար անընդունելի են եղել։

Նախարարը հայտնել է, որ հուշագրի կարևորագույն դրույթներից մեկը Իրանի սառեցված ակտիվների ազատումն է։ Նրա խոսքով, փաստաթղթում նաև առաջնահերթ տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող ծովային սահմանափակումների վերացումը։

Արաղչին առանձնակի կարևորություն է տվել նաև ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցին՝ նշելով, որ համաձայնության շրջանակում ԱՄՆ-ն առաջին անգամ գրավոր կարտահայտի Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, իսկ Իրանը նույն կերպ կհարգի ԱՄՆ-ի ինքնիշխանությունը։

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ համաձայնությունը ներառում է պատերազմական գործողությունների դադարեցման և ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորություններ։ Նրա խոսքով, այդ դրույթները վերաբերում են նաև Լիբանանին, որտեղ, ըստ իրանական կողմի, պետք է ավարտվի հակամարտությունը և իրականացվի օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերում։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Արաղչին հայտարարել է, որ Իրանը և Օմանը պատրաստում են նեղուցի կառավարման նոր մեխանիզմ, որը, նրա խոսքով, կտարբերվի նախկին մոտեցումներից։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ վերջնական համաձայնության ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ նախնական թվային ստորագրության ձևաչափով։

«Մենք այդ կետին երբևէ եղածից ավելի մոտ ենք», - հայտարարել է նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder