Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա, բայց պատրաստ է հանդիպել Պուտինին
Քաղաքական
11:49 17/06/2026
Աշխարհ

Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա, բայց պատրաստ է հանդիպել Պուտինին

Ֆրանսիայում անցկացվող G7 գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները փորձել են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի ակտիվ դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղղությամբ։ Նրանք աջակցել են Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ կազմակերպել ԱՄՆ-ում ուղիղ բանակցություններ Զելենսկու և Պուտինի միջև։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև առկա «մեծ հակակրանքը» դժվարացնում է խաղաղության հասնելը, սակայն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան մեծ կորուստներ են կրել, ուստի Մոսկվան պետք է գնա համաձայնության։

Զելենսկին G7-ում փորձել է վերականգնել կապերը Թրամփի հետ և համոզել, որ Ուկրաինան չի պարտվում պատերազմում։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը չպետք է լինի պարզապես չեզոք միջնորդ, այլ պետք է աջակցի Ուկրաինային։

Նրա խոսքով՝ G7-ի բոլոր առաջնորդները համաձայնել են, որ Ռուսաստանը ռազմաճակատում վճռական առավելություն չունի, մեծ կորուստներ է կրում և ստիպված կլինի գնալ բանակցությունների։

G7-ի երկրները համաձայնել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա։ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը ներառելու է նաև էներգետիկ ոլորտի սահմանափակումներ։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պնդում են, որ ապագա բանակցություններում Եվրոպան նույնպես պետք է ներգրավված լինի։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արդյունավետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ սեղանի շուրջ լինեն Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և եվրոպական երկրները։

Գերմանական աղբյուրների կարծիքով՝ ամենահավանական ձևաչափը հենց այս քառակողմ բանակցություններն են, թեև դեռ պարզ չէ, թե ով պետք է ներկայացնի Եվրոպան միասնական ձևով։

Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկին։ Նա ընդգծել է, որ հեռահար հարվածները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարևոր միջոց են՝ պատերազմը դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Կրեմլի առաջարկը՝ Մոսկվայում հանդիպելու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝  նշելով, որ Ուկրաինան «չի խաղում այդ խաղերը»։ Միևնույն ժամանակ, ասելով, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ չեզոք երկրում, այդ թվում՝  Շվեցարիայում, Թուրքիայում կամ Մերձավորարևելյան երկրներում։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հնարավոր ամսաթվի մասին հարցին Զելենսկին ընդգծել է, որ նման քննարկումներ կազմակերպելը «շատ դժվար է»։ Նա նշել է, որ ցանկանում է օգտվել G7 գագաթնաժողովից՝ Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն «Ռուսաստանը չի կիսում այս տեսակետը»։

«Ես վստահ չեմ, որ նրանք դրական ազդանշաններ են ստացել Միացյալ Նահանգներից»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին պատմել է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել փորձել կազմակերպել հանդիպում Պուտինի հետ Շվեյցարիայում։ Սակայն նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը  չի արձագանքել այս առաջարկին։

«Պուտինը չօգտվեց G7-ի ժամանակ հանդիպելու հնարավորությունից։ Մենք խոսել ենք նախագահ Թրամփի հետ։ Այո, գիտեմ, որ նա տարբեր առաջնորդների, նկատի ունեմ Պուտինի միջոցով, կրկին բազմաթիվ առաջարկներ է արել Մոսկվա գալու համար»,-ասել է Զելենսկին։

RBK Ukraine-ն նաև հաղորդել է, որ Կիևը միջնորդների, դիվանագիտական ​​կապերի և հետախուզության միջոցով Ռուսաստանին նախապես փոխանցել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ G7 գագաթնաժողովի ընթացքում առաջնորդների հանդիպման առաջարկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա, բայց պատրաստ է հանդիպել Պուտինին