Կառավարությունն այսօր Հյուսիս-Հարավի շրջանակներում 276 միավոր հողամասեր կճանաչի գերակա շահ
Հասարակություն
10:39 18/06/2026
Հայաստան

Կառավարությունն այսօր Հյուսիս-Հարավի շրջանակներում 276 միավոր հողամասեր կճանաչի գերակա շահ

ՀՀ գործադիր մարմինն այսօրվա հերթական նիստում Արագածոտնի և Շիրակի մարզի մի շարք հողակտորներ կճանաչի գերակա շահ և կօտարի։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ ռազմավարական խնդիրներից է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, այդ թվում Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Թալին-Լանջիկ 18.7 կմ (այսուհետ՝ Ճանապարհ) երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրի իրագործումը։

Ծրագրի նպատակն է վերականգնել և արդիականացնել հյուսիսից հարավ ձգվող ճանապարհը՝ առկա երկուղի ճանապարհը վերածելով միջազգային ստանդարներին համապատասխանող 1-ին կարգի քառուղի ճանապարհի, ներառյալ նոր արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների կառուցումը, ճանապարհահատվածի կարևորագույն տեղամասերի և հիմնական հանգույցների լուսավորության իրականացում։

Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև Ճանապարհի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներ, քանի որ Ծրագրի շրջանակներում կիրառվող՝ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները»  N 3 հավելվածի պահանջների համաձայն՝  ճանապարհի շինարարության արդյունքում ազդակիր հաղորդակցուցիների (ջրագծեր, գազատարեր, էլ. գծեր, կապի մալուխներ) սեփականատերերը հանդիսանում է ազդեցության ենթակա անձ, որոնց կորուստները ենթակա են հատուցման։

Ազդակիր հաղորդակցուղիները տեղափոխման համար նախատեսված տարածքները հանդիսանում են այլ անձանց սեփականություն, առանց որոնց օտարման հնարավոր չէ ապահովել Ծրագրի իրակագործումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Թալին- Լանջին ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին, Մաստարա բնակավայրերի և ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի տարածքում գտնվող ընդհանուրը 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։

Օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն է սահմանվել 2027 թվականի մարտի 1-ը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder