Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ անց Սահմանադրական դատարան դիմում կներկայացնի «Միասնության թևեր» կուսակցությունը։ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ղեկավարած ուժը պահանջում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և վերաքվեարկություն նշանակել։
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչներից անմիջապես հետո ՍԴ դիմում կբերեն ԲՀԿ ներկայացուցիչները։ Նախատեսված է, որ ժամը 16:30-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի Սահմանադրական դատարան։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը Սահմանադրական դատարան դիմումը կներկայացնի այսօր՝ ժամը 17:00-ին։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ՍԴ էր մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշել էին դաշինքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասնակից 6 կուսակցություններ հանդես էին եկել արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
«Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից»։