Հրապարակվել են Հորմուզի նեղուցով նավերի տարանցման պայմանները
Քաղաքական
15:16 20/06/2026
Աշխարհ

Հրապարակվել են Հորմուզի նեղուցով նավերի տարանցման պայմանները

Իրանի Պարսից ծոցի նեղուցների վարչությունը (PGSA) հայտարարել է Հորմուզի նեղուցով անցում իրականացնող նավերի համար նոր ընթացակարգերի մասին՝ ընդգծելով, որ սահմանված պահանջներին համապատասխան ներկայացված հայտերը կքննարկվեն արագացված կարգով։

 «ParsToday»-ը, հղում անելով «Fars News» լրատվական գործակալությանը, հաղոորդում է, որ վարչությունը  «X» սոցիալական հարթակում հրապարակված հայտարարությամբ տեղեկացրել է, որ որոշումը կայացվել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրման և պատասխանատու մարմինների համապատասխան հրահանգների հիման վրա։

Հայտարարության համաձայն, նավատերերն ու օպերատորները պետք է տարանցման հարցումները ներկայացնեն «PGSA»-ի պաշտոնական հարթակի միջոցով՝ առնվազն 48 ժամ առաջ, մինչև նավը հասնի նեղուցի նշանակված տարածք։ Վարչությունը նշել է, որ այդ քայլը նպատակ ունի կանխել ուշացումները և ապահովել երթևեկության արդյունավետ կազմակերպումը։

Իրանական կողմը նաև հայտարարել է, որ առաջիկա 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնող նավերից որևէ վճար չի գանձվի։ Բացի այդ, անվտանգության, ապահովության և շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունների, ինչպես նաև համապատասխան իրանական ապահովագրության ծախսերը կփոխհատուցի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը։

Միաժամանակ, «PGSA»-ն զգուշացրել է, որ նավարկության և անվտանգության որոշ ռիսկեր պահպանվում են, ուստի յուրաքանչյուր նավի երթուղին և տարանցման ժամանակացույցը պետք է նախապես համաձայնեցվեն համապատասխան մարմինների հետ։ Վարչության տվյալներով՝ այս պահանջների անտեսման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու են նավերի սեփականատերերը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «PGSA»-ի պաշտոնական կայքն ու էլեկտրոնային փոստի հասցեն տարանցման հայտերի ներկայացման և մշակման միակ պաշտոնական ուղիներն են, և դիմորդները պարտավոր են տրամադրել նավի հետ կապ հաստատելու վավեր ու հասանելի տվյալներ։

Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, և այնտեղ կիրառվող ցանկացած նոր կարգավորում կարող է ազդեցություն ունենալ միջազգային ծովային փոխադրումների և նավթային մատակարարումների վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder