Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիայում 40 մարդ նետվել է ջուրը՝ շոգից փրկվելու. Շոգից փրկվել են, բայց խեղդшմшհ են եղել
Վերջին օրերին Ֆրանսիայում քառասուն մարդ խեղդվել է՝ փորձելով զովանալ՝ խուսափելով ռեկորդային շոգից, Reuters-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։ Նրա խոսքով՝ հունիսի 18-ից ի վեր մահացածների մեծ մասը երիտասարդներ են։
Շոգի հետևանքով ողբերգական դեպքերն այսքանով չեն սահմանափակվում. երեկ բժիշկները չեն կարողացել փրկել 2 և 4 տարեկան երկու երեխաների, որոնց մայրը անգիտակից վիճակում գտել էր իրենց տան դիմաց գտնվող մեքենայում։ Կլիմայի փոփոխություններից տուժում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Բելգիան։
Իտալիայում առողջապահության նախարարությունը 15 քաղաքների համար հայտարարել է ամենաբարձր մակարդակի վտանգի մասին, և իշխանությունները միջոցներ են ձեռնարկել աշխատաժամանակը կրճատելու համար: Երեքշաբթի օրը Ալպերում փոթորիկներ են սպասվում, որոնք կբերեն ուժեղ անձրևներ:
Մեծ Բրիտանիան նույնպես ջերմային բարձր ալիքի ներքո է. օդերևութաբանական գրասենյակը կանխատեսում է մինչև 37 աստիճան ջերմաստիճան Անգլիայի հարավում։ Այսօր հնարավոր է հունիսյան նոր ռեկորդ, իսկ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Տասնյակ դպրոցներ հայտարարել են, որ վաղաժամկետ կփակվեն հին շենքերի անհարմարության պատճառով, ինչպես նաև 30-ից ավելի երեխա ունեցող դասարանների համար։
Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունը երկրի որոշ հատվածներում հայտարարել է վտանգավոր շոգի մասին՝ ահազանգելով ակնկալվող 44 աստիճան ջերմաստիճանի մասին։
Մադրիդը բացել է կլիմայական ապաստարաններ խոցելի մարդկանց, այդ թվում՝ անօթևանների համար: Այստեղ կապահովվեն կլիմայական բարենպաստ պայմաններ, սնունդ, ցնցուղ և հանգստի հնարավորություն։
Բելգիայում շոգի հետևանքով Բրյուսելի մոտ գտնվող Տերվյուրեն քաղաքի տարրական դպրոցի աշակերտները ստիպած են եղել ավարտական քննությունները հանձնել մոտակա եկեղեցում։
«Դասարանում շատ շոգ է, ուրեմն քննությունները եկեղեցում կհանձնենք», - գրել է դպրոցն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով կադրեր քննության ընթացքից։
Կլիմայի փոփոխության պատճառով խաթարվել է նաև տրանսպորտի աշխատանքը, հարվածի տակ է նաև տնտեսությունը։ Մեծ Բրիտանիայի երկաթուղային ցանցը զգուշացրել է ուղևորներին այս շաբաթվա վերջին ճանապարհորդել միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ ջերմաստիճանը մոտենում է 39-ին, իսկ սահմանափակումները, հավանաբար, կխաթարեն ծառայությունների աշխատանքը։ Լոնդոնում գիշերային ամպրոպները խափանումներ են առաջացրել Հիթրոու օդանավակայանում։