Պատգամավորների երդման ինչ տեքստ է առաջարկում Ալեն Սիմոնյանը
Քաղաքական
16:54 23/06/2026
Հայաստան

Պատգամավորների երդման ինչ տեքստ է առաջարկում Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը նախագիծ են հեղինակել՝ առաջարկելով փոխել պատգամավորական երդման տեքստը;

Ալեն Սիմոնյանը  հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը, ըստ նրա, շուտով կդրվի քվեարկության.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ավելի վաղ Սիմոնյանն այս նախաձեռնությունը  բնորոշել էր պատմական ու կարևոր. «Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի, պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը, մեր օրենսդրությանը, հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովորդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»։ 

Պատգամավորների ներկայիս երդման տեքստն է.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder