Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը. ՀՅԴ ՀԵՄ
«Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ: Երեք օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը»,- հայտնում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից։
Նշվում է, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը:
«Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:
Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։
Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:
Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,- նշված է ՀՅԴ ՀԵՄ մեջ։