Նարեկ Կարապետյանը ներկա է Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական առաջին նիստը
Քաղաքական
15:28 25/06/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը ներկա է Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական առաջին նիստը

Հակակոռուպցիոն դատարանում  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կուսակիցների հետ ներկա է կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործով առաջին դատական նիստին։ 

Նախքան նիստի մեկարկը, ի պատասխանի լրագրողի հարցին, Ավանեսյանն ասաց. «Ես եմ «Ուժեղ Հայաստանին» աջակցում, ոչ թե իրենք ինձ»։ 

Նշենք, որ գործով դատավորն է Սարգիս Դադոյանը։

Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով տվել է ընտրակաշառք:
Մեղադրական եզրակացության համաձայն. ««Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:

Արթուր Նիկոլայի Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Արթուր Իսկանդարյանին, վարույթով դեռևս չպարզված ժամանակ անձամբ առաջարկել է առավելություն, այն է՝ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս ՀՀ Զինված ուժերում խոստացել է պաշտոն, որպիսի առաջարկը և խոստումը Արթուր Ավանեսյանը վերահաստատել է 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:37-ի սահմաններում, Արթուր Իսկանդարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Վերոգրյալ գործողություններով Արթուր Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից:

Բացի այդ, Արթուր Ավանեսյանը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 21:03-ի սահմաններում, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Զաքարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս առաջարկել է գույք և այլ առավելություն, այն է՝ Գեղամ Զաքարյանին խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Կարապետյանը ներկա է Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական առաջին նիստը