Երկրաշարժերի կանխատեսումը դեռ չլուծված գիտական խնդիր է ցանկացած երկրում․ Պետրոսյան
Կրթություն, գիտություն
11:13 27/06/2026
Հայաստան

Երկրաշարժերի կանխատեսումը դեռ չլուծված գիտական խնդիր է ցանկացած երկրում․ Պետրոսյան

  Վենեսուելայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից երկու օր անց Հայաստանում սոցիալական ցանցում շրջանառվեց լուր, թե առաջիկա շաբաթների ընթացքում Կոտայքում սպասվում է  7.4 մագնիտուդով երկրաշարժ։ X հարթակում տարածված տեսանյութը  կեղծ է, հերքեցին ՀՀ ՆԳՆ-ից։ Այսուհանդերձ Panorama.am-ը լսեց ոլորտի մասնագետի կարծիքը, թե արդյո՞ք հնարավոր է կանխանատեսել երկարաշարժը ՝ մոտական օրերի հաշվարկով։ 

«Մի հավատացե՛ք, հաստատում եմ, որ լուրը կեղծ է։ Կամ քաղաքական շահարկում է, կամ էլ  ուղղակի Վենեսուելայի երկրաշարժի ազդեցության տակ են։ Ոչ մի կապ չունի Վենեսուելայի երկրաբանական տեկտոնական շարժումը Հայաստանի հետ։ Մեր ժողովրդի սթրեսը հերիք է, հիմա չգիտես ինչու կեղծ լուրերով են ահ ու սարսափ տարածում»,- Panorama.am -ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։

Նրա համոզմամբ՝ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։

«Գիտությունն այսօրվա դրությամբ չունի ճշգրիտ, վերջնական, ֆիզիկամաթեմատիկական լուծում՝ ուժեղ երկրաշարժերի կանխատեսման ուղղությամբ։ Ես դա ասում եմ ցավով, բայց ասում եմ պատասխանատվությամբ, որովհետև ես նաև Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում աշխատելիս զուգահեռ զբաղվել են գիտությամբ։Զբաղվել եմ հենց երկրաշարժերի կանխատեսման խնդրով կամ ընթացիկ սեյսմիկ վտանգի կանխատեսումով։ Ունեմ 93 տպագրված գիտական աշխատանք՝ 17 երկրներում։Այդ թվում 2 մենագրություն, որոնց հեղինակը միայն ես եմ։ Դա իմ նեղ մասնագիտական գիտական աշխատանքն է եղել։ Այս ամենով հանդերձ՝ պնդում եմ, որ այսօրվա դրությամբ  կանխատեսումը դեռ չլուծված գիտական խնդիր է ցանկացած երկրում»,- նշեց մեր զրուցակիցը։

Այն, որ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է, փաստ է, հավանականությունը նոր երկրաշարժի ևս բացառված չէ։ Պատմական անցյալում կան արձանագրված աղետներ։ Վերջինը՝ 1988թ․-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր։

  «Հայաստանը սեյսմավտանգ գոտում է գտնվում,որտեղ ուժեղ երկրաշարժեր պատմական անցյալում եղել են։ Բայց ասեմ՝  օրինակ հարևան Թուրքիայում սեյսմիկ պոտենցիալը ավելի բարձր է, կամ այլ կերպ ասած՝ եղել են և լինում են ավելի ուժեղ երկրաշարժեր Թուրքիայի տարածքում, քան նույն Սպիտակի երկրաշարժն էր։  Ադրբեջանում նույնպես  լինում են երկրաշարժեր, Իրանի մասին էլ չեմ ասում՝ ավելի սեյսմավտանգ տարածք է, քան Հայաստանը։  Վրաստանն էլ բացառություն չէ։ Այնպես որ մեզ կարող ենք մխիթարել՝  մեր երկիրը միակը չէ, բոլոր 4 հարևանները գտնվում են բավականին բարձր պոտենցիալ ունեցող սեյսմիկ տարածքներում, ավելին, քան՝ մենք»,- նշեց գիտնականը։

Դիտարկմանը, թե վերջին խոշոր երկրաշարժից հետո, կա արդյոք հավանականություն տասնամյակներ անց երկրաշարժի կրկնելիության, Պետրոսյանն արձագանքեց․

«Երկրաշարժերի կրկնելիության երևույթ կա, գոյություն ունի, բայց այդ տեսությունն արդարացված է մեծ տարածքների համար։ Փոքր տարածքների դեպքում, ինչպիսին է Հայաստանի հանրապետությունն է, այդ թեմայով վիճակագրություն անելը կոռեկտ չէ։ Պետք է վերցնել մեծ տարածք, որտեղ լինում են շատ երկրաշարժեր,ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ հավանականություն ունենալ և գնահատել՝ քանի տարին մեկ կարող է լինել ուժեղ երկրաշարժ։ Ժամանակին ես հետաքրքրվեցի և  հաշվեցինք՝ Թուրքիայի տարածքում միջինում  ամեն օր տեղի է ունենում տարբեր ուժգնության 26 երկրաշարժ։ Դրանք սեյսմոգրաֆիների կողմից գրանցվում են և ֆիքսվում։ Այսինքն՝ Թուրքիայի մեծ տարածքի դեպքում և այսքան երկրաշարժի գրանցման պայմաններում  տեսականորեն կարելի է հաշվել կրկնելության հավանականությունը, իսկ  Հայաստանի դեպքում ինչ-որ թիվ ասել, չգիտեմ՝ 60 տարի են ասում, մարդ կա 40 տարի է ասում,դա կոռեկտ չէ»,- ավելացրեց Հրաչյա Պետրոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրաշարժերի կանխատեսումը դեռ չլուծված գիտական խնդիր է ցանկացած երկրում․ Պետրոսյան