Բենզինի քվոտաները Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի համար կպահպանվե՞ն, թե՞ Ռուսաստանը այդ քվոտաներն էլ կչեղակի. Արմեն Մանվելյան
Տնտեսություն
16:16 29/06/2026
Հայաստան

Բենզինի քվոտաները Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի համար կպահպանվե՞ն, թե՞ Ռուսաստանը այդ քվոտաներն էլ կչեղակի. Արմեն Մանվելյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելու ներքին շուկայում վառելիքի մատակարարման խնդիրները, որոնք առաջացել են նավթավերամշակման գործարանների և պահեստների վրա Ուկրաինայի հարձակումներից հետո։ ՌԴ նախագահը հայտարարեց, թե բենզին ու դիզվառելիք է հատկացվել նաև պահուստներից և  ծավալների անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար կազմել է ընդամենը 4%։

Պուտինը նաև ներքին սպառողների շահերից ելնելով՝ սահմանել է բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման ժամանակավոր, լիակատար արգելք։ Ավելին, քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի անհրաժեշտությունը։ Ինչքանով այդ սահմանափակումները կազդեն Հայաստանի վառելիքի շուկայի վրա։ Վերոհիշյալ հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց էներգետիկ հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանին։

«Ռուսաստանից բենզինի ներկրման խնդիրները պատճառաբանվում են ռուս-ուկրաինական պատերազմով։ Հարվածներ են հասցնում միմյանց նավթավերամշակման գործարաններին, որը բերելու է բենզինի ընդհանուր դեֆիցիտի։ Բայց այն ոչ միայն ռուսական երևույթ է, այլև՝ համաշխարհային գլոբալ, որովհետև Ռուսաստանը բենզինի, դիզվառելիքի խոշորագույն արտահանողներից մեկն է։ Հետևաբար ընդհանուր համաշխարհային դեֆիցիտի է հանգեցնելու և գների ընդհանուր բարձրացման՝ չնայած նրան, որ Հորմուզի նեղուցը կարծես թե աշխատում է, կամ մեկ աշխատում է, մոկ՝ չէ։ Վերջին շրջանում նավթի գներն իջել են, բայց հիմա էլ առաջանում է բենզինի և դիզվառելիքի դեֆիցիտ, որը փոխարինել այլ երկրով, այս պահին հնարավոր չէ՝ զուտ այն պատճառով, որ միևնույնն է այսպես թե այնպես գները բարձրանալու են՝ նույնիսկ եթե այլ երկրներից ներկրենք։

Երկրորդ՝ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, ունի որոշակի քվոտաներ։ Ես չգիտեմ, այդ քվոտաները կպահպանվե՞ն, թե Ռուսաստանը այդ քվոտաներն էլ կչեղակի ԵԱՏՄ երկրների համար՝ ընդհանրապես, կամ Հայաստանի համար՝ մասնավորապես, որովհետև այս տարբերակն էլ է հնարավոր՝ հաշվի առնելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների՝ անընդհատ նվազող որակը։ Արդյո՞ք դրան կարող է ադրբեջանական բենզինը փոխարինել՝ չեմ կարծում, որովհետև Բաքուն ինքն է բարձր որակի բենզինը ներմուծում Ռուսաստանից, որովհետև բաքվի նավթավերամշակման գործարանն այդ որակի բենզին չի արտադրում։ Ցածր որակի բենզին կարող են բերել ադրբեջանից, բայց բարձր որակի բենզին նրանք չունեն։

Իրանն էլ, լինելով նավթարդյունահանող երկիր, բենզինը ներկրում էր Արաբական միացյալ էմիրություններից։

Հայաստանը բենզին, դիզվառելիք ներկրում է նաև եվրոպայից՝ Բուլղարիայից և Ռումինիայից։ Ինչքան հասկանում եմ, այդ ծավալները կմեծանան, որպեսզի այդ դեֆիցիտը փակվի, բայց միևնույնն է գինը թանկ կլինի, որովհետև ռուսական բենզինը Հայաստան համեմատաբար էժան էր բերվում, որպես ԵԱՏՄ անդամ պետություն»,- ասաց Մանվելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder