Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ունենք մասնագետներ, ովքեր 1 մլն դրամից ավել աշխատավարձեր են ստանում պոլիկլինիկաներում. Ավանեսյան
«Դե, ինչպես տեսնում եք, ոչինչ չի պայթել»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ պնդելով, թե համակարգի հաջողությամբ ներդրման դրական պատմությունը տարածվում է։
նախարարը պնդեց, որ համակարգի ներդնումը հայաստանին առանձնահատուկ տեղ է դնելու միջազգային առողջապահական քարտեզում։
«Սիրելիներս, հենց ես շատ կարևորում էի, որ առաջին 6 ամիսները ամփոփենք։ Գիտեմ, որ առաջիկայում արձակուրդային շրջան է»,-ասաց Ավենեսյանը՝ հիշեցնելով, որ ապահովագրությունն առաջին տարին է և աշխատանքները շարունակելու են։
Նա ընդունեց, որ համակարգի ներդրման առաջին երկու ամիսներին վարձատրության համակարգը անսովոր է եղել բուժաշխատողների համար և նրանց համար ժամանակ է պահանջվել, որպեսզի նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների մատուցած ծառայությունները՝ վստահեցնելով, որ ունեն աշխատավարձերի բավական ավելացում։
«Արդյո՞ք այն մեր երազանքի չափն է, իհարկե՝ ոչ, բայց միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ մեծամասամբ բոլորինը բարձրացել է, բայց լինում են որոշ ամբուլատորիաներ, որոնք ունեն որոշակի ֆինանասական բարդություններ և նախկինում կուտակած պարտքերը վճարում են, որպեսզի արդեն բավարարված կարողանան հավելյալ վճարներ իրականացնեն իրենց մասնագետներին»,- ասաց Ավանեսյանը։
Նա հայտարարեց, թե անցել են բժշկի արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։
«Բժիշկը նեղ մասնագետը, եթե չի սպասարկում և օրվա ընթացքում որևէ պացիենտ չի ունենում, կամ եթե աշխատում է 3 ժամ, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություն, այո նրա աշխատավարձը չի կարող իրեն բավարարել»,- հայտարարեց նախարարը՝ պնդելով, որ այն բժիշկները, ում մոտ ծանրաբեռնվածությունը բարձրացել է, նրանց մոտ աշխատավարձն անգամներով է բարձրացել և, թվարկելով ակնաբուժներին, նյրադաբաններին, հավելեց.
«Հիմա նյարդաբանը, ելնելով նաև իր մասնագիտական որակավորումներից, երբ մարդիկ գնում են իր մոտ խորհրդատվության, հնարավորություն ունի անգամներով կրկնապատկելու։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 մլն դրամից ավել աշխատավարձեր են ստանում պոլիկլինիկական օղակում»,-հայտարարեց առողջության նախարարը։
Նա նշեց, որ տուբերկուլյոզի մասնագետներին հնարավորություն են տվել վերապատրաստվել և նման պոլիկլինիկաներին նույնպես հնարավորություն են տվել ներգրավվել այդ պրոցեսում,քանի որ այդ մասնագիտացմամբ բժիշկները չունեն համապատասխան պացիենտներ։