Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում անցած ամիս գրանցված ռեկորդային ջերմային ալիքը զգալի ազդեցություն է ունեցել մահացության մակարդակի վրա։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հանրային առողջապահության ծառայության տվյալներով՝ հունիսի 22–28-ն ընկած շաբաթվա ընթացքում մահացությունների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 29,1%-ով՝ կազմելով նախնական հաշվարկով 8 973 դեպք։ Սա շուրջ 2 025-ով ավելի մահ է, քան հունիսի 15–21-ն ընկած շաբաթվա 6 948 մահվան դեպքերը։ Գերատեսչությունը նշում է, որ տվյալները դեռևս ամբողջական չեն, ուստի մահացության վերջնական ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել։
Ամենաշատը տուժել են 45 տարեկանից բարձր քաղաքացիները, հատկապես՝ 65 և ավելի բարձր տարիքի մարդիկ։ Մահացությունների ամենամեծ աճը գրանցվել է բնակարաններում, իսկ Փարիզում մահերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 62%-ով։ Փարիզի հանրային հիվանդանոցային համակարգի գլխավոր տնօրեն Նիկոլաս Ռևելը նշել է, որ այս տարվա շոգի հետևանքով մահացությունը, հավանաբար, չի հասնի 2003 թվականի աղետալի ցուցանիշներին, սակայն կարող է գերազանցել անցած տարվա շոգի հետևանքով արձանագրված 5 700 մահը։
Շոգի հետևանքները նկատվել են նաև եվրոպական այլ երկրներում։ Բելգիայում հունիսի 18–29-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 1 200 հավելյալ մահ, որոնցից 530-ը՝ 85 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Նիդեռլանդներում, ըստ կառավարության, ջերմային ալիքի հետևանքով մահացել է մոտ 480 մարդ՝ հիմնականում տարեցներ։
Բնապահպանական հետևանքները ևս լայնածավալ են եղել։ Եվրոպացիների ավելի քան երկու երրորդը ենթարկվել է 35°C-ից բարձր ջերմաստիճանի ազդեցությանը։ Իտալիայում երաշտի պատճառով Պո գետի ավազանում ստեղծվել է կրիտիկական իրավիճակ, Մաջորե լճի ջրային պաշարները կրճատվել են մինչև 48%, իսկ Վենետոյի շրջանը հայտարարել է արտակարգ դրություն։ Շվեյցարիայում Ռոն սառցադաշտում արագացել է սառույցի հալոցքը, ինչը, մասնագետների գնահատմամբ, նշանակում է տասնամյակների կամ նույնիսկ դարերի ընթացքում կուտակված սառույցի կորուստ։ Միաժամանակ Գերմանիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում գրանցվել են ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Կլիմայագետների գնահատմամբ՝ նման ծայրահեղ շոգը գրեթե անհնար կլիներ առանց կլիմայի փոփոխության ազդեցության։