Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, հունիսը դարձրել է պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը։
Առողջապահության նախարարության ամենօրյա մահացության մոնիթորինգի տվյալներով՝ այս տարվա հունիսին շոգի հետևանքով մահացությունների թիվն ամենաբարձրն է եղել 2015 թվականի նույն ամսվա համեմատ։
AEMET օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ անցյալ ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից 3.2 աստիճանով բարձր է եղել, ինչի արդյունքում այն դարձել է երկրորդ ամենատաք հունիսը։
Հունիսի 23-ին ջերմային ալիքը հասել է գագաթնակետին և երկրի բնակչության շուրջ 35.7 միլիոն մարդ կամ բնակչության մոտ 73 տոկոսը, շոգի հետևանքով հայտնվել է առողջական խնդիրների ռիսկային գոտում, որոնցից 38 տոկոսը բարձր ռիսկային գոտում։
1975 թվականից ի վեր Իսպանիայում հունիս ամսին գրանցվել է 12 ջերմային ալիք, որոնցից վեցը տեղի է ունեցել վերջին տասնամյակում։
«Սա վկայում է այն մասին, որ ջերմային ալիքները ամռան սկզբին ի հայտ են գալիս նախկինում եղածից ավելի հաճախականությամբ»,- հայտարարել է AEMET-ի խոսնակ Ռուբեն դել Կամպոն։
AEMET-ի տվյալներով՝ հունիսի 1-ից 30-ը տեղական չափման կայաններում գերազանցվել է առավելագույն ջերմաստիճանի 165 ռեկորդ, որոնցից 145-ը եղել են ամսական, իսկ 20-ը՝ բոլոր ժամանակների։ Միաժամանակ գրանցվել է նաև նվազագույն ջերմաստիճանի 225 ամենաբարձր ցուցանիշ, որոնցից 180-ը եղել են ամսական, իսկ 45-ը՝ բոլոր ժամանակների։
Գործակալությունը հավելել է, որ ամռան առաջին շոգի ալիքը բացառիկ է եղել երկրի հյուսիսում՝ ոչ միայն իր ինտենսիվությամբ, այլև տևողությամբ և շարունակականությամբ։