Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից. Իրանական մամուլը մանրամասներ է հայտնում երեկվա հանդիպումից
Թեհրանում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի երեկվա հանդիպումից այսօր մանրամասներ է հրապարակել իրանական մամուլը։ Նշենք, որ հայկական կողմի տարածած հաղորդագրությունը շատ հակիրճ էր։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ, նախ Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից ցուցաբերված ցավակցության ու աջակցության համար՝ Հոգևոր Առաջնորդի և վերջին հակամարտության ընթացքում զոհված այլ անձանց մահվան հետ։ Նա նշել է, որ կարեկցանքի ուղերձները վկայում են հարևան երկու երկրների միջև առկա խորը պատմական կապերի և բարեկամության մասին։
Իրանի նախագահը բնութագրել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները՝ որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ՝ հավելելով, որ երկու երկրները հետևողականորեն ընդլայնել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ վերջին հակամարտության ընթացքում ցուցաբերած համագործակցության համար, և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։ Նախագահի խոսքով՝ այդ համաձայնագիրը կարող է համագործակցության նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ ամրապնդելով մաքսային, տրանսպորտային, տարանցիկ, առևտրային և տնտեսական փոխանակումները։
Նախագահ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և առաջնորդվեն երկու երկրների անկախ կամքով։ Նա նշել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներկայությունը հաճախ ոչ թե լուծել, այլ բարդացրել է տարածաշրջանային մարտահրավերները։
Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Իրանւ նախագահն ընդգծել է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և վերստին շեշտել Թեհրանի նախապատվությունը՝ վեճերը երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու հարցում։ Նա նաև նշել է, որ «իսրայելական վարչակարգը Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրն է՝ մատնանշելով դրա գործողությունները Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում»։
Ըստ իրանական աղբյուրի, իր հերթին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ցավակցություններն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ հիշատակելով զոհված առաջնորդի հետ իր հանդիպումները։
Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Իրանի հետ բարեկամական կապերին և նշել, որ Երևանը երբեք չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը հակասում է Իրանի անվտանգությանը կամ ազգային շահերին։ Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններն այժմ գտնվում են իրենց ամենաբարձր մակարդակի վրա՝ Հայաստանի անկախացումից ի վեր։