Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը թափորը կուղևորվի Ղոմ. Իրանում շարունակվում են Ալի Խամենեի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
Թեհրանում շարունակվում են նահատակ հոգևոր առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության բազմօրյա ազգային արարողությունները, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ հայտնում է «Իսնա» լրատվական գործակալությունը։
Չնայած պաշտոնական մեկնարկը նախատեսված էր առավոտյան ժամը 6:00-ին, Էնղելաբ հրապարակը և հարակից տարածքները դեռ լուսաբացից առաջ լցվել էին սգավորներով, որոնք մասնակցում էին ավանդական ողբի, բանաստեղծությունների արտասանության և սգո երթերի։

Մայրաքաղաքի մետրոն և հասարակական տրանսպորտը վաղ առավոտից աշխատում են հատուկ գրաֆիկով, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները, Կարմիր մահիկը, հրշեջները, ճանապարհային ոստիկանությունն ու իրավապահ մարմինները ապահովում են երթևեկության, լոգիստիկայի և հասարակական անվտանգության կազմակերպումը։ Էնղելաբ փողոցով դեպի հրապարակ շարժվող բազմահազարանոց երթն անցնում է նորակառույց «Սեղմված բռունցք» հուշարձանի կողքով, որի հիմքում փորագրված են պատերազմի ընթացքում զոհված ուսանողների անունները։
Հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների կազմակերպչական գործերով ղեկավար, գեներալ Հասան Հասանզադեն հայտարարել է, որ բոլոր կազմակերպչական աշխատանքները մանրակրկիտ ծրագրված են, իսկ պատմական մասնակցության պատճառով Էնղելաբ հրապարակից մինչև Ազադի(Ազատության) հրապարակ երթը կարող է տևել 10–12 ժամ։ Նրա խոսքով՝ ժողովուրդը կազմակերպում է եզակի և պատմական հրաժեշտ։
Այս երթին նախորդել են Իմամ Խոմեյնիի Մեծ Մուսալլայում անցկացված երկօրյա հանրային հրաժեշտի արարողությունները, որոնց ընթացքում սգավորների հերթերը ձգվել են կիլոմետրերով։ Պաշտոնական հուղարկավորության աղոթքը գլխավորել է Մեծ Այաթոլլահ Ջաֆար Սոբհանին, իսկ պետական արարողությանը մասնակցել են Իրանի բարձրագույն ղեկավարությունը, զինվորական հրամանատարներ, օտարերկրյա պատվիրակություններ և դիվանագետներ։
Ազգային հուղարկավորության կոմիտեի ծրագրի համաձայն՝ երեքշաբթի օրը թափորը կուղևորվի Ղոմ, չորեքշաբթի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ Նաջաֆ և Քարբալա, իսկ հինգշաբթի կհասնի Մաշհադ, որտեղ այն կհուղարկավորվի Իմամ Ռեզայի դամբարանի սրբավայրում։