Հայաստանում բազմասերիանոց սերիալ է, հիմա մենք ականատես ենք երկրորդ սերիայի, որը կոչվում է տնտեսության հյուծում. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
17:01 10/07/2026
Հայաստան

Հայաստանում բազմասերիանոց սերիալ է, հիմա մենք ականատես ենք երկրորդ սերիայի, որը կոչվում է տնտեսության հյուծում. Քաղտեխնոլոգ

«Պետք չէ մոռանալ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացը ներհայաստանյան չէ, այն արտաքին քաղաքական՝ մի կողմից Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից հավաքական արևմուտքի պայքարն էր Հայաստանում իշխանություն ձևավորելու համար։ Առաջին սերիայում, պայմանականորեն ասած, հաղթեց Արևմուտքը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա ամիսներին ի՞նչ ներքաղաքական զարգացումների կարող ենք ականատես լինել Հայաստանում։

Նրա խոսքով, այս փուլում Արևմուտքն ապահովեց իշխող ուժի վերարտադրությունը, ապա Սահմանդրական դատարանի որոշմամբ փակեց Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների ձևավորման ընտրական մեխանիզմ կիրառելու գործընթացը։

«Ենթադրենք՝  Սահմանդրական դատարանն ուրիշ որոշում ընդուներ՝ քվեարկության արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի նշանակում, դա հնարավորություն կտար ռուսական կողմին պրոռուսական ընդդիմության միջոցով այստեղ իշխանություն փոխել։ Սահմանադրական դատարանը դա փոխեց։ Վերջ, ընտրական մեխանիզմով ՌԴ-ն Հայաստանում իշխանություն փոխել չի կարող։ Սա արևմուտքի առաջին  հաղթանակն էր, բայց մի մոռացեք մի հանգամանք, մայիսի 30-ին ընդունվել  ԵԱՏՄ որոշումը։ Ըստ այդմ, Հայաստանին տրվել է 6 ամիս՝ փոխելու իր քաղաքականությունը՝ սկսելով ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը և այլ փաստաթղթեր չեղյալ հայտարարելուց, ինչպես նաև Հայաստանից եվրոդիտորդների հեռացում, մինչև փաստացի հետխուզական ծառայության լուծարում, որը կրում է հիբրիդային պատերազմի արագ արձագանքման խումբ անունը։ Այդ ժամանակը լրանում է դեկտեմբերի 30-ին»,-ասաց Ա. Բադալյանը։

Ռուսաստանը, ըստ Panorama.am-ի զրուցակցի, պարտվելով առաջին սերիայում, չի նշանակում, որ համակերպվել է ստեղծված իրավիճակին, չի համակերպվել ու դա ապացուցում է մի քանի փաստ։

«Մասնավորապես հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո տնտեսական սահմանափակումների ուժեղացում, ինչպես նաև ՌԴ նախագահի կողմից Հայաստանի իշխանություններին չշնորհավորելը, ՌԴ իշխանությունների կողմից հայաստանցի պաշտոնյաների բացահայտ քննադատություն, ՌԴ  վարչապետի հետ հանդիպման ընթացքում որևէ ձեռքբերում չունենալը, ինչպես նաև ՌԴ գլխավոր հեռուսաալիքների կողմից ՀՀ վարչապետի անունից պրանկերի կազմակերպած թոք շոուները»,-թվարկեց նա։

Եթե Եկատերինբուրգում Միշուստինն ու Փաշինյանը ինչ-որ համաձայնություն ձեռք բերեին, ըստ քաղտեխնոլոգի, ապա  այդ թոք շոուն չէր լինի, Ռոսսելխոդնադզորն էլ  կհայտարարեր, որ Հայաստանից Ռուսաստան ներմուծվող ապրանքների մեջից  թունավոր որդերն անհետացել են։

«Բայց նման բան տեղի չունեցավ, ինչը նշանակում է՝ ՌԴ քաղաքական վերնախավաի քաղաքականությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ չի փոխվել, այն է՝ ապամոնտաժել այս կառավարման համակարգը, այս իշխանություններին, դա պետք է  կատարվի մինչև դեկտեմբերի 30-ը, եթե չհաջողվի, ապա դեկտեմբերի 30-ից  Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից, կամ կկասեցվի Հայաստանի անդամակցությունը միությանը, անգամ Ղազախստանը չի կարող դրա դեմ դուրս գալ և ինչ-որ կերպ միջնորդել։ Այսինքն, մենք տեսնում ենք բազմասերիանոց սերիալ, որի առաջին սերիան ենք մենք դեռ տեսել, 2-րդ, 3-րդ սերիաները դեռ ընթացքի մեջ են։ 2-րդ սերիան պլան Բ-ն է, որն իրենից ենթադրում է  Հայաստանի տնտեսության հյուծում, այսինքն, տնտեսական սահմանափակումները կամաց-կամաց սկսում են ուժեղանալ, վերջերս անգամ ԵԱՏՄ որոշումն ուժի մեջ մտավ, որ ամեն մարդ 5 կգ պտուղ-բանջարեղեն կարող է արտահանել իր երկրից, այսինքն, ՌԴ-ն թույլ չի տա, որ մարդիկ տուփերով ծիրան, խաղող կամ պոմիդոր տանեն»,-մանրամասնեց Ա. Բադալյանը։

Այս իրավիճակում, երբ ՌԴ-ն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ, ըստ նրա, Եվրոմիությունից ցուցաբերվող աջակցության չափն ուղղակի ծիծաղելի է։

«Այն գումարը, որ ԵՄ-ն հատկացրել է Հայաստանին՝ 52 մլն-ը  ծիծաղելի գումար է, դրանով ոչինչ չես կարող անել։  ԵՄ-ն Հայաստանին գումար չի տա, եթե Հայաստանը հակառուսական քայլեր միանգամից չանի՝ սահմանապահների դուրս բերում, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալ։

«Այնպես, որ հետընտրական  գործընթացներն այս պատկերում են տեղի ունենում»,-նշեց քաղտեխնելոգը՝ նշելով, որ  բազմասերիանոց սերիալից այս պահին գոնե հայ ժողովրդի համար happy end չի կարելի ակնկալել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում հայտարարեց, որ եվրոպական շուկան բացելու են հայկական ծիրանի, ծաղիկի համար։ Քաղտեխնոլոգն այս առումով ընդգծեց, շուկա բացողն ինքը չէ, այլ ԵՄ անդամ երկրներն են։

«Իր հայտարարությունից հետո դուք չես տեսել ԵՄ որևէ երկրի, որ կհայտարարի, այո, ես իմ շուկան բացում եմ  Հայաստանի Հանրապետությունում արտադրված պոմիդորի, վարունգի, ծիրանի ու այլ բանջարեղենի համար արդյունաբերական մասշտաբով։ Որևէ մեկը չի ասել, չի էլ  ասելու։ Ենթադրենք, որ Հայաստանը 200 մլն դոլարի պոմիդոր է արտահանելու Ֆրանսիա, դա նշանակում է, որ ֆրանսիացի ֆերմերն այդքան պոմիդոր չի իրացնելու, իսկ դա լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի այդ երկրում ընտրություններ են»,-ասաց Արմեն Բադալյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր մտածում է  իր երկրի գյուղատնտեսության զարգացման, ֆերմերներին աջակցելու մասին, թեկուզ հենց ընտրություններում նրանց քվեները ստանալու համար։

Նա կրկնեց՝ մի քանի կգ ծիրանից ջեմ կպատրաստեն եվրոպացի պաշտոնյաները, կնկարեն ու կհրապարակեն, կհայտարարեն, թե ծիրանը փոխեց երկրի արտաքին քաղաքականությունը, մինչդեռ իրականությունն այն է, որ ԵՄ-ն արդյունաբերական ծավալի պտուղ-բանջարեղեն Հայաստանից չի ներմուծի։

«Սա լուրջ խնդիր է առաջ բերում, քանի որ Հայաստանի գյուղատնտեսությունը 1 մլրդ դոլարից ավելի արտահանում պետք է աներ ՌԴ, բայց ԵՄ-ից ստացել է 52 մլն եվրո։ Սա խնդիր է, այն գործարարները, որ արտահանում էին կատարում, վնաս են կրում, իսկ Հայաստանի իշխանական համակարգը միշտ հիմնված է օլիգարխիայի վրա՝ կապ չունի, օլիգարխի անունն ինչ է, եթե նրանք տուժում են, ապա իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենում»,-ասաց նա։

Հարցազրույցի 2-րդ մասը՝ առաջիկայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում բազմասերիանոց սերիալ է, հիմա մենք ականատես ենք երկրորդ սերիայի, որը կոչվում է տնտեսության հյուծում. Քաղտեխնոլոգ