Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ունենք աուտիզմով, ֆիզիկական խնդիրներով երեխաներ, որոնց համար ակումբը օդ ու ջրի նման պետք է». «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներն ակցիա են անում
«Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրը արդեն քանի օր է չի աշխատում։ Նշենք, որ «Մուլտի Վելնես» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն է, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս ունի։ Ինչպես Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս ընկերությունները, սա ևս կապարակնքվել է իրավապահների կողմից ու համալիրի աշխատանքը դադարեցված է։
Այսօր սպորտային համալիրի աշխատակիցները, հաճախորդները բողոքի ակցիա իրականացրեցին հենց կենտրոնի մոտ։
«Մեզ բոլորը գրում են, անհանգստանում են։ Մեր հաճախորդները գումարներ են ներդրել ակումբի անդամ դառնալու համար, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել»,- ասաց համալիրի աշխատակիցներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց սեփականատերը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատատեղերից։
«Մեր թիմում կան Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնք վարձով են ապրում, վարկ ունեն, սակայն այդ մարդիկ այսօր ոչ կկարողանան վարձ տալ, ոչ էլ իրենց հացի խնդիրը լուծել։
Ոչ մի քաղաքական գործընթացի հետևանքով հասարակ քաղաքացին չպետք է տուժի, զրկվի իր օրվա ապրուստից»։
Համալիրի աշխատակիցները չեն հավատում, որ ընկերությունը հարկեր է թաքցրել, ինչպես հայտնել են ՊԵԿ-ից։
«Իրենց ընտանիքին ճանաչում եմ, իրենք շատ աստվածավախ մարդիկ են։ Չեմ հավատում, որ որևէ սխալ արարք կարող է լինել մեր սեփականատիրոջ կողից»,- ասաց աշխատակիցներից մեը։
Մեկ այլ աշխատակից էլ ընդգծեց, որ այս իրավիճակը մեկ օր առաջ պետք է վերացվի. «Այս համալիրը ոչ միայն տեղ է, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի մարզվելու, սա նաև մարզաառողջարարական կենտրոն է, մեզ մոտ հաճախում են աուտիզմով, տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար ակումբը օդ ու ջրի նման պետք է, չգիտեմ՝ ինչ պատասխան տամ այդ երեխաների ծնողներին»։