«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրեր Սիմոն Աբգարյանն ու Ռոման Բալայանն այցելեցին ARARAT Թանգարան
Մշակույթ
13:56 17/07/2026
Հայաստան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրեր Սիմոն Աբգարյանն ու Ռոման Բալայանն այցելեցին ARARAT Թանգարան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրեր անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանն ու հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանն այցելեցին ARARAT Թանգարան։

Հյուրերը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանում, բացահայտեցին, թե որքան ամուր է միահյուսված ARARAT հայկական կոնյակը հայկական մշակույթին և ինչպես է իր մեջ անփոփում վարպետության ավանդույթները սկսած 1887 թվականից։ Ռոման Բալայանը, ով բազմիցս հյուրընկալվել է ARARAT թանգարում, հաճույքով վերհիշեց իր նախորդ այցերը՝ ընդգծելով, որ այստեղ յուրաքանչյուր այցելություն նոր բացահայտումների առիթ է։  Մինչդեռ, Սիմոն Աբգարյանի համար սա առաջին այցն էր գործարան, որի ընթացքում նա մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ հայկական կոնյակագործության պատմությանը և կոնյակ ստեղծելու արվեստին։

ARARAT թանգարանի գանձարանում Սերգեյ Խաչատրյանը Սիմոն Աբգարյանին հանձնեց ARARAT Charles Aznavour Signature blend հատուկ կոնյակը։

«Շառլ Ազնավուրն աշխարհին սովորեցրեց, որ իսկական մեծությունը չափվում է ոչ միայն տաղանդով, այլև առատաձեռնությամբ։ Իր երաժշտության, ձայնի և մարդասիրական գործունեության միջոցով նա Հայաստանը կրում էր իր սրտում։ Շատ առումներով Ձեր անցած ճանապարհը նույնպես արձագանքում է այդ ժառանգությանը։ Ձեր դերերով, գրական գործունեությամբ, հիշողության պահպանմանն և այն մարդկանց ձայն տալու հանձնառությամբ, որոնց պատմությունները երբեք չպետք է մոռացվեն, դուք դարձել եք հայկական մշակույթի ամենաազդեցիկ դեսպաններից մեկը»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը։

Այցի շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը փառատոնի և ARARAT-ի բազմամյա համագործակցությունը վավերագրող տակառի առջև Ռոման Բալայանին հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը` հավելելով, որ  այս խորհրդանշական վայրում մրցանակի հանձնումը պատահական չէ։ Այն մեկ անգամ ևս ընդգծում է արժեքների նկատմամբ հարատև հավատարմությունը։

Իր հերթին ԵԿԳ գործադիր տնօրենը, նվիրելով Ռոման Բալայանին խորհրդանշական ARARAT Charles Aznavour Signature blend կոնյակը, նշեց, որ Երևանի կոնյակի գործարանի համար մեծ պատիվ է տեսնել մեծն ռեժիսորին ARARAT թանգարանում և յուրաքանչյուր նման հանդիպում առանձնահատուկ արժեք ունի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder