Ինչ վիճակում են Բյուրեղավանի աղիքային վարակ ունեցող երեխաները. պատճառը խմելու ջո՞ւրն է
Առողջություն
14:31 18/07/2026
Հայաստան

Ինչ վիճակում են Բյուրեղավանի աղիքային վարակ ունեցող երեխաները. պատճառը խմելու ջո՞ւրն է

«Ես հերթապահությունն ընդունել եմ ժամը 9-ին։ Ինձ Բյուրեղավանից դիմել է ընդամենը երեք դեպք։ Առաջին երեխայի դեպքում ավելի շատ խուճապային իրավիճակ էր»,- Panorama.am-ի հետ զրույցում Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկ Սոնա Գևորգյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում են իրենց մոտ դիմած երեխաները։

Հիշեցնենք՝ նախօրեին առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

«Առաջին երեխան միայն թուլություն էր զգում, բայց բոլոր ցուցանիշները նորմայի սահմաններում էին։ Փսխում, ջերմություն, սրտխառնոց չի ունեցել, հետազոտություններից հետո էլ ամեն ինչ նորմալ էր, ու նրան խորհուրդներով ուղարկել ենք տուն՝ ընտանեկան բժշկի հսկողության տակ»,- ասաց բժիշկը։

Նրա խոսքով, երկրորդ երեխան նույնպես Բյուրեղավանից էր, իսկ ընտանիքում արդեն կային նույնատիպ ախտանշաններով հիվանդներ։

«Երկրորդ երեխայի մոտ կար սուբֆեբրիլ ջերմություն և սրտխառնոց, բայց փսխում և փորլուծություն չկային։ Կատարել ենք ինֆուզիոն բուժում, որից հետո երեխան իրեն շատ լավ է զգացել, և նրան նույնպես տուն ենք ուղարկել՝ ընտանեկան բժշկի հսկողության տակ»,- նշեց Սոնա Գևորգյանը։

Ամենածանր վիճակում գտնվող պացիենտը, բժշկի խոսքով, Նոր Հաճնից է, սակայն նրա համաճարակաբանական տվյալները կապված են նույն օջախի հետ։

«Այս երեխան ուներ թուլություն, սրտխառնոց, որովայնի ցավ, փորլուծություն, դիսպեպտիկ երևույթներ և ջերմություն։ Նրան հոսպիտալացրել ենք։ Վիճակը գնահատում ենք միջին ծանրության»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք արդեն հաստատվել է, որ երեխաները թունավորվել են ջրից, բժիշկը պատասխանեց, որ վերջնական եզրակացություն դեռ չկա։

«Ես հիմա չեմ կարող ասել, որ պատճառը հաստատ ջուրն է։ Բայց քանի որ դեպքերը նույն տարածաշրջանից են, իսկ նույն ընտանիքներում ևս կան նմանատիպ գանգատներով մարդիկ, ենթադրում ենք, որ դա կարող է կապված լինել ջրից առաջացած աղիքային վարակի հետ։ Դրա համար էլ հիվանդներին հոսպիտալացնում ենք, իսկ հետագա հետազոտությունները ցույց կտան իրական պատճառը»,- ընդգծեց Սոնա Գևորգյանը։

Այսպիսով, բժշկի գնահատմամբ, այս պահին ծանր դեպքեր չեն արձանագրվել, հոսպիտալացված երեխաներից մեկը գտնվում է միջին ծանրության վիճակում, իսկ մյուսները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ վիճակում են Բյուրեղավանի աղիքային վարակ ունեցող երեխաները. պատճառը խմելու ջո՞ւրն է