Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դիմորդների թվի կրճատման պատճառը նաև 12-ամյա կրթությունն է. փորձագետ
«Մենք վերջին 10 տարում ունենք դիմորդների թվի նվազում, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։
Որպես առաջին պատճառ փորձագետը նշեց՝ 12-ամյա կրթության անցնելուց հետո շատ դպրոցականներ հոգնում են, ձանձրանում, այլևս չեն ուզում շարունակել։
«Մյուս պատճառն այն է, որ շատ աշակերտներ 11-12-րդ դասարաններում սկսում են աշխատել, այնքան գումար են ստանում, որ մտածում են՝ ինչ իմաստ ունի բուհ ընդունվել, վարձ վճարել, միրևնույնն է՝ անգամ այդ դեպքում չեմ կարող բարձր աշխատանավարձի հավակնել։ Այսինքն, շրջանավարտները սկսել են ավելի ռեալ մտածել։ Այն միտումը, որ պետք է բոլորը բուհ ընդունվեն, չընդունվելն ամոթ է, Հայաստանում բավականին փոխվել է»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Ըստ նրա, պատճառներից մեկն էլ այն է, որ ընդհանուր ակադեմիական մակարդակը մեզանում մնում է ցածր. «Այսինքն, երեխաները չեն ձգում համալսարանական մակարդակի։ Անգամ եթե շատ խիստ մոտենանք, ընդունվածների զգալի մասն էլ չի ձգում։
Ունենք բազմաթիվ ընդունվածներ, որոնք երկու քննությունից միասին 20 միավորից ցածր են ստացել, այսինքն անգամ 10 չեն կարողացել ստանալ։ Պարզ է, որ այդ դիմորդները շատ դժվարություններ կունենան սովորելու ընթացքում»։
Կրթության փորձագետը նշեց, որ եթե նախկինում Հայաստանն ուսանողների թվով բավականին լավ վիճակում էր, հիմա, քանի որ բուհեր ընդունվողների թիվը պակասել է, միջազգային չափանիշներով Հայաստանը նահանջել է, միջակ դիրքերում է։ Նախկինում տարիներ են եղել, որ Հայաստանում բուհ է ընդունվել 20 հազարից ավելի ուսանող։
Նա ընդգծեց, որ կրթական համակարգում, հատկապես վերջին՝ 11-12-րդ դասարանների կրթական ծրագիրը, դասավանդման ձևերը պետք է վերանայել։
Մանրամասն՝ տեսանյութում։