Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի, կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածե՛ք. Ա. Աբովյան
Քաղաքական
13:12 21/07/2026
Հայաստան

Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի, կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածե՛ք. Ա. Աբովյան

«Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների»,- Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս իշխանության կողմից ադեկվատության իսպառ կորուստը։

Նրա խոսքով՝ թե՛ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը, թե՛ նրա հիմնարկների և գործունեության շուրջ ընթացող գործընթացները քաղաքական բնույթ ունեն։

«Սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացը չի։ Այս պրոցեսները վերաբերում են բոլորին, որովհետև երբ բռնապետությունը, դիկտատուրան, փաշիզմը մտնելու են բոլորի տուն»,- ասաց Աբովյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանության գործողությունները հարվածում են նաև Հայաստանի տնտեսությանը։ Աբովյանը պնդեց, որ, իր տվյալներով, բազմաթիվ միջին և խոշոր ներդրողներ հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրերից, իսկ որոշ գործարարներ փորձում են իրենց բիզնեսները դուրս բերել երկրից։

«Դա չվճարված հարկեր է, դա թոշակներ է, դա աշխատավարձեր է, դա ընտանիքներ են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ, իր կարծիքով, իշխանության քայլերը ոչ թե հայանպաստ են այլ թելադրված թուրքերի ու ադրբեջանցիների կողմից։

Աբովյանը  վստահություն հայտնեց, որ ներկայում իրականացվող, իր բնորոշմամբ, «բանդիտական, ռեյդերական գործողությունների» հետևանքով վերցված ամբողջ գույքը հետագայում վերադարձվելու է՝ ընդգծելով, որ խնդիրը միայն սեփականության մասին չէ։

«Խնդիրը այն տասնյակ հազարավոր մարդիկ են, ում այսօր սրանք առանց մի կտոր հացի են թողնում»,- նշեց ԲՀԿ ներկայացուցիչը։

Աբովյանը նաև հայտարարեց, որ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը և, նրա համոզմամբ, ապագայում ստիպված են լինելու պատասխան տալ նաև միջազգային արբիտրաժներում։ Նա անդրադարձավ նաև Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին՝ նշելով, որ հստակ տեղեկություններ չունի, սակայն հույս ունի, որ Քրիստոսի արձանը և այն պրոյեկտները, որոնք ազգանվեր են, հայանպաստ են, գոնե ձեռք չեն տա։

Իսկ Ծառուկյանին պատկանող տունը, որը Փաշինյանը խոստացել էր ծերանոցի վերածել նա հայտարարեց. «Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ, օրինակ, զինվորի վերականգնման կենտրոն լինի, կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք»։

Խոսքի վերջում Աբովյանը անդրադարձավ կապարակնքված բիզնեսներին և նշեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, ուստի այս պահին չի կարող հստակ ասել, թե հետագա զարգացումներն ինչ ընթացք կունենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի, կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածե՛ք. Ա. Աբովյան