Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, իրավունք չունենք նրա նկատմամբ ճնշում գործադրել, ուղղորդել. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
12:44 03/04/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, իրավունք չունենք նրա նկատմամբ ճնշում գործադրել, ուղղորդել. Տիգրան Աբրահամյան

«Քաղաքական տեսանկյունից Մարտուն Գրիգորյանը չի եղել և չի ներկայացնում ՀՀԿ-ն, «Պատիվ ունեմ» դաշինքում Գրիգորյանը հայտնվել է «Հայրենիք» կուսակցության քվոտայով»,- այս մասին ասուլիսում ասաց ՍԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

««Հանրապետական» կուսակցությունը չի կարող իրեն իրավունք վերապահել մեր խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ որևէ ճնշում գործադրել, ուղղորդել, նրան ասելու այն իրականությունը,  որով նա պետք է շարժվի։ Մենք մեր գործընկերոջը հայտնել ենք մեր կարծիքը այս թեմայի հնարավոր հանգուցալուծման հետ կապված, բայց զերծ ենք մնում հանրայնացումից, որպեսզի դա որևէ ձևով ազդեցություն, ճնշում չդիտվի Մարտուն Գրիգորյանի վրա, առավել ևս որևէ երրորդ ուժ դա չօգտագործի Մարտուն Գրիգորյանին որևէ ձևով խոցելի դարձնելու տեսանկյունից։

Գարշելի է տեսնել վերջին օրերին տեղի ունեցող այն տեղեկատվական տեղատարափը, այն դիրքորոշումները, գրառումները, հայտարարությունները, որոնք Մարտուն Գրիգորյանի  նկատմամբ է իրականացվում։ Սա այն դեպքում, երբ որպես մարդ, քաղաքական գործիչ, արժանի չէ նման վերաբերմունքի։

Երկրորդ՝ Մարտուն Գրիգորյանն արտահայտվելու ժամանակ ունի, որևէ մեկին իրավունք չի վերապահվում նրա հասցեին վիրավորական բնույթի հայտարարություններ հնչեցնել»,- ասաց նա։

Տ. Աբրահամյանը նշեց, որ այս օրերին շատ կողմեր օգտագործում են թեման ՀՀԿ-ի ու ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թիրախավորելու համար։

«Տպավորություն է ստեղծվում, կան ուժեր որոնց խնդիրը ոչ թե Գյումրիում Վարդան Ղուկասյանին լրացուցիչ քվեներ ապահովելով՝  քաղաքապետ դարձնելն է, այլ անհրաժեշտ է Մարտուն Գրիգորյանը այդ ձայները տարբեր պատճառաբանությամբ չներկայացնի ու դա նրանք օգտագործեն մի կողմից Գրիգորյանին քաղաքական հարվածներ  հասցնելու, մյուս կողմից էլ օգտագործելու ՀՀԿ դեմ արշավն այլ ռաունդներով շարունակելու համար, ինչն անթույլատելի եմ համարում»,- ասաց նա։

Տ. Աբրահամյանը նշեց, որ չի կարծում Մարտուն Գրիգորյանի մտքով երբևէ անցել է անել որևէ մի քայլ, որը կարող է որևէ ձևով նպաստ բերել ՔՊ-ականների քաղաքականությանը՝ կլինի դա տեղային կամ համապետական մակարդակով. «Ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ։ Շատերը լավ չեն պատկերացնումայն իրավիճակը, որը կա Գյումրիում տեղի, մենթալիտետի առոմով։ Չեմ ասում դա ինձ համար կամ քաղաքական տեսանկյունից առաջնային է, բայց այն մարդիկ, ովքեր կարծում են պարզ իրավիճակ է, ստանդարտ լուծում է պահանջում, տեղի չի ունենում, այդպես չէ։ 

Ինքս էլ, ՀՀԿ-ն էլ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը շահագրգռված են լինի այնպիսի հանգուցալուծում, որը բխի և  նրա առաջնահերթություններից, և, բնականաբար, առաջին  հերթին մեր երկրում ստեղծված իրավիճակի առաջային մոտեցումներից»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder