Զրկվեցիքն տուժողի հետ հաշտվելու հնարավորությունից, իրավաբանության տրամաբանության մեջ հասկանալի չէ, քաղաքական՝ հասկանալի է. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
11:41 10/04/2025

Զրկվեցիքն տուժողի հետ հաշտվելու հնարավորությունից, իրավաբանության տրամաբանության մեջ հասկանալի չէ, քաղաքական՝ հասկանալի է. Ռուբեն Մելիքյան

Հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝  «Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու» գործով դատական այսօրվա նիստում պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց գործում ներգրավել տուժողներին՝ մեղադրական եզրակացության մեջ նշված ՍԴ դատավորներին։

«ՔՕ 82 հոդվածում սահմանված է, օրինակ, քրեական պատասխանատվությունից ազատվելու այնպիսի հիմք, ինչպիսին տուժողի հետ հաշտվելը։ Մենք չենք ասում, որ մենք, վստահաբար, տուժողի հետ հաշտվելու ենք, բայց մենք այդ  հնարավորությունից չենք կարող զրկվել։ Գործ ունենք միջին ծանրության ենթադրյալ արարքի հետ, և մենք պետք է օգտվենք տուժողի հետ հաշտվելու հնարավորությունից։

Հնարավոր է տուժողները գան ու  պնդեն, որ իրենց նկատամբ որևէ արատավորող տեղեկություն չի տարածվել»,- դատարանում ասաց պաշտպանը։

Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը։

Նախնական լսումների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց. «Միջնորդությունը մերժվեց, մենք տարբերակված մոտեցման արժանացանեք։ Ես բերեցի մի շարք գործեր, երբ այս հոդվածը կիրառվել է  դատախազի, դատավորի, հարկադիր կատարողի նկատմամբ, բոլորը տուժող են եղել։ Թե ինչու Ղազարյանի  գործով տուժողները ներգրաված չեն, թե ինչու զրկվեցինք տուժողի հետ հաշտվելու  օրենսդրական հնարավորությունից,  իրավաբանության տրամաբանության մեջ ինձ հասկանալի չէ, քաղաքական տրամաբանության մեջ լրիվ հասկանալի է։

 Ցավում եմ, որ դատարանն արագ որոշում կայացրեց, չուսումնասիրեց իմ կողմից ներկայացված գործերը։ Համարում եմ դա ոչ այնքան իրավաչափ  վարքագիծ։ Մեր պատկերացմամբ, այդ մարդիկ պետք է համարվեին տուժող, գային, լսեինք այդ մարդկանց՝  իրենք իրենց համարո՞ւմ են արատավարող տեղեկության տարածման զոհ, թե՞ ոչ։

Կարծում եմ այս որոշմամբ, այս մերժմամբ, այս դատավարության քաղաքական բնույթն էլ ավելի հասկանալի դարձավ անգամ անկողմանակալ,  վարույթի հետ ոչ մի կապ չունեցող անձանց համար»։ 

Հիշեցնենք, որ  Է. Ղազարյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Օրինակ՝ արատավորող տեղեկություն են դիտարկվել` «կամ տգետ են կամ գիտակցված դավաճան», «ՍԴ-ն դարձել ա ՔՊ-ի քաղաքական բուդկա» և այլ արտահայտությունները: Դատարանի որոշմամբ, Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել: Ղազարյանը չի կարող խոսել  դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder