Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորեցին Քիշնևից վերադարձած ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին։
Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերին դիմավորելու էին գնացել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները, մարզիկների ծնողները, հարազատները, երկրպագուները:
«Շատ քրտնաջան մարզումների շնորհիվ հասել եմ գերազանց վիճակի և այսօրվա դրությամբ կարողացա վերադառնալ Հայաստան ոսկե մեդալով»,- լրագրողներին ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը։
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է ոսկե մեդալ` բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում մեր ծանրորդը ֆիքսել է 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր: Երկամարտի 411 կգ արդյունքով` Գարիկ Մարտիրոսյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր Լիանա Գյուրջյանն ասաց, որ վնասվածքների պատճառով 3 տարի մեդալ չի նվաճել, այս մեդալն իր համար կարևոր է, թանկ է։
«Այդ բոլոր պարտություններն ու դժվարությունները իմ հաղթանակի նոր սկիզբն են։ Գոհ եմ իմ արդյունքից, մարզիչները նույնպես»,- ասաց Լիանան։
Գոռ Սահակյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։
«Արել եմ ամեն ինչ, որ լավ հանդես գայի: Ինչ-որ չափով ստացվեց, բայց արծաթե մեդալը իմ ու իմ մարզիչների սպասելի արդյունքը չէր։ Գնացել էի չեմպիոնության հետևից: Ամեն ինչ առջևում է, սպորտ է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայացել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ապրիլի 13-21-ը: