Ցորի հրետանավորների զոհվելու գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
13:27 23/04/2025
Հայաստան

Ցորի հրետանավորների զոհվելու գործով դատական նիստը հետաձգվեց

44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով Վերաքննիչ քրեական դատարանում նիստը հետաձգվեց։ Ջալալ Հարությունյանի պաշտպանները կրիչը չէին կցել բողոքին։ Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հաջորդ նիստը նշանակեց մայիսի 16-ին ժամը 11։00-ին։

Տուժող կողմի  շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ջ. Հարությունյանի պաշտպանները, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաներ են, միտումնավոր են նման բան արել։

«Կարծում եմ, միտումնավոր կրիչը չեն կցել գործի նյութերին՝ շատ լավ հասկանալով, որ բողոքը հետ է վերադարձվելու ու ժամկետ է տրամադրվելու, որ թերացումն ուղղվի»,-ասաց Լ. Սիմոնյանը։

Նրա կարծիքով, դա արվում է, որպեսզի գործով վաղեմության ժամկետն անցնի, այն լրանում է հոկտեմբերի 12-ին։

Նշենք, որ  այս գործով ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Գարիկ Աբելյանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են թե մեղավոր ճանաչված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները, թե տուժող կողմի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Ըստ իրավապահների, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

Տուժող կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Հարությունյանի պաշտպանների պահանջներից մեկը վերաբերում է նրան արդարացնելուն։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder