Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք. Բժիշկը՝ Արթուր Չախոյանի վիճակի մասին
Առողջություն
17:21 30/04/2025
Հայաստան

Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք. Բժիշկը՝ Արթուր Չախոյանի վիճակի մասին

«Արթուր Չախոյանն ունի որոշակի մարմնական վնասվածքներ։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Նա նշեց, որ եթե ցանկություն լինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով:

«Աչքի շրջանում ունենք փոքր հեմատոմա և փոքր սալջարդեր, և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ հետագա բուժման անհրաժեշտության մասին:

Առնվազն գոնե 24 ժամ հետո  նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրությունը, հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք»,-ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նոր-նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվեց հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder