Համընդհանուր հայտարարագրումը դեռ ուժի մեջ չմտած կառավարությունը սկսել է շտկումներ անել կոնոակարգերում
Հասարակություն
14:07 30/04/2025
Հայաստան

Համընդհանուր հայտարարագրումը դեռ ուժի մեջ չմտած կառավարությունը սկսել է շտկումներ անել կոնոակարգերում

«Նախագծով առաջարկվում է կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր»,-կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով նախատեսվող 3 փոփոխությունները:

Նրա խոսքով՝ առաջին կետով կհստակեցվեն սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումն այլ անձի, օրինակ՝ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները:

Հովհաննիսյանը նշեց,որ որոշմամբ նախատեսվում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, իսկ այդ ժամկետից հետո կատարված սոցիալական ծախսերը վերադարձվելու են, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից: «Սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցով կատարված լինելը կարող է հիմնավորվել դրա վերաբերյալ ծառայությունը մատուցողին, օրինակ՝ բուհին համապատասխան հաստատում կամ հայտարարություն ներկայացնելու ճանապարհով»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը ծագել է այն դեպքում, երբ գործատուն առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է, սակայն շահառուներն այդ գործատուների աշխատողներն են, որի դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից և գումարը փոխհատուցվում է աշխատողի միջոցներից, իսկ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրում գործատուները, ինչի հետևանքով հնարավոր չի լինում փոխհատուցել սոցիալական ծախսերը:

«Սահմանվում է, որ հայտարարատու հանդիսացող աշխատողից ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց հատուցում ստանալու հանգամանքը հավաստվում է գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվող տեղեկանքով:Միաժամանակ սահմանվում է, որ այս դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթն ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող՝ նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողների անունները»,-զեկուցեց Հովհաննիսյանը:

Նախարարաը նաև տեղեկացրեց, որ խնդիր է ծագել նաև այն դեպքում, երբ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները մատուցում են կրթական ծառայություններ, որոնց համար հայտարարատու ֆիզիկական անձինք համայնքի բյուջե են վճարում տեղական վճար, օրինակ՝ համայնքային մանկապարտեզների վճարները, բայց համայնքի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը խնդրահարույց է:

Հովհաննիսյանը նշեց,որ որոշմամաբ՝ հնարավորություն կտրվի, որ հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից դուրս գրեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համընդհանուր հայտարարագրումը դեռ ուժի մեջ չմտած կառավարությունը սկսել է շտկումներ անել կոնոակարգերում