Կառուցում են թվային կոնսլագեր, բոլորս վերահսկվում ենք. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
20:45 02/05/2025
Հայաստան

Կառուցում են թվային կոնսլագեր, բոլորս վերահսկվում ենք. Կարեն Վրթանեսյան

ՀՀ գործող իշխանությունների հռչակած «ժողովրդավարության բաստիոնում» օրենքները գործում են միայն ընդդիմադիրների և շարքային քաղաքացիների համար, իսկ իշխանության մերձավորները կարող են օրենք խախտել, նույնիսկ մարդ սպանել և մնալ անպատիժ։ Հայաստանում ներդրված պսևդոժողովրդավարության պատճառների և հետևանքների շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։

•Հիմա այսպիսի անվանում կա, կոչվում է խաբելապետություն, այսինքը՝ բռնապետական ռեժիմ, որը ձևանում է ժողովրդավարական։ Մենք տիպիկ խաբելապետության մեջ ենք ապրում։

•2018 թվականից ի վեր մեր բոլոր ընտրությունները ընթացել են դրանց նախորդ օրը իրականացրած խուզարկություններով, ձերբակալություններով, հարցաքննությունների կանչելով և այլն։ Իսկ երկրորդ փուլում, երբ ընտրվում է այս ռեժիմի համար անցանկալի թեկնածուն, ոչ իրենց թայֆայից՝ միանգամից սկսվում են ճնշումները, ՔՊ-ի ավագանին սկսում են բոյկոտել, շատ ՏԻՄ-երում մենք նման իրավիճակի բախվել ենք։

•Սա բռնապետական ռեժիմ է, որը փորձում է փափուկ գործել։

 •Երբ ասում ենք բռնապետություն, սովորաբար մեր աչքի առաջ գալիս է թավ բեղերով, Քեմալ Աթաթուրքի, Ստալինի կամ Հիտլերի դեմքով ինչ-որ մեկը՝ ռազմատենչ, բայց, իրականում, ժամանակակից խաբելապետական համակարգերում իրենք կոստյումներով են, ներկայանում են ժամանակակից, «Կրթելը նորաձև է» նախագծեր են իրականացնում։

•Հ1-ով աննախադեպ ձեռքբերումների մասին է խոսվում, իրականում բոլոր պետական ինստիտուտների ռեալ քայքայում է, նաև՝ հանրային ինստիտուտների։ Օրինակ՝ ահավոր վատ վիճակում են գտնվում լրատվամիջոցները, առավել ևս անկախները։ Քանդում են նաև քաղհասարակության կառույցները։

 •Հայաստանում կառուցում են մի բան, որ այլ երկրները նկարագրելիս ասում են թվային կոնսլագեր։ Մեզ փորձում են մտցնել մի միջավայր, որտեղ առաջինը՝ բոլորս վերահսկվում ենք, մնում է միայն տներում տեսախցիկներ ավելացնեն։

 •Բոլորս վերահսկվում ենք տեսախցիկների, բանկային քարտերի միջոցով, ասում են բանկային գաղտնիքը չի խախտվում, բայց բոլոր մեխանիզմները կան բանկային գաղտնիքը խախտելու համար։

 •Վերջին դեպքը «ՔոֆիՀաուս»-ինն է, որ ասում էին՝ մենք պայմանավորվել, այսքան գումար էինք տվել, որ մեզ չհետապնդեն՝ ցույց տալու համար, որ մենք կառուցողական ենք, տրամադրված, պատրաստ ենք աշխատել ՊԵԿ-ի հետ և այլն, բայց, ըստ էության, ստացվում է ռեկետ։

 •Քաղաքով տեղափոխվելիս, մի վայրից մյուս վայր գնալիս հնարավոր չէ անել այնպես, որ ձեզ մի 15 տեղից չվերահսկեն։ Ավտոբուսներում դեմքերի ճանաչման համակարգն արդեն կա։

•Վալիդատոր կոչվածների մեջ ունեն նաև տեսախցիկ, այդ թվում դեմքի ճանաչման համակարգով, նույնը նաև մետրոյում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder