Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու գործընթացի համար հիմքերն այսօր առկա չեն. Սեյրան Օհանյան
Քաղաքական
15:40 05/05/2025
Հայաստան

Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու գործընթացի համար հիմքերն այսօր առկա չեն. Սեյրան Օհանյան

«Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, հիմքերն առկա չեն՝ նշանակում է նախօրոք գնալ ձախողման, դրանք այն քայլերն են, որոնք հենց այն է, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին:

«Հիմքերն առկա չեն՝ նկատի ունեմ, որ հաշվարկների արդյունքում իմպիչմենտ նախաձեռնելու համար համապատասխան 36 ձայն է պետք, «Հայաստան»  խմբակցությունը 28 պատգամավոր է, արտահայտել ենք մեր կարծիքը, եթե կարողանան 8 պատգամավորի համաձայնություն ներկայացնել, մենք մեր համաձայնությունը ներկայացնում ենք իմպիչմենտ իրականացելու համար։ 

Երկրորդ՝ համաժողովրդական լայն ընդվազում և լայն աջակցություն է պետք»,- ասաց Օհանյանը։ 

Նա հիշեցրեց, որ Փաշինյանի  իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել:

«Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումն է:

Նրա հեռացման համար կան իրավական, քաղաքական հիմքեր, բայց միևնույն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես գործընթաց առանց հիմքերի չպետք է լինի։ Դրա հիմքերը նախ և առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված:

Երկրորդ՝ պետք է լինի նաև ընդվզող մեր ժողովրդի աջակցությունը, որ իմպիչմենտը կայանա։ Նախաձեռնության հեղինակները գիտեն, որ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու, և նաև 54 պատգամավորների աջակցություն, այդ թվում՝ ՔՊ-ի, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։

Այս նախաձեռնության հեղինակները որևիցե մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում: Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել: 

Այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս մենք չենք կարող իմանալ՝ հաջողություն կունենա՞նք, թե՝ չէ։

Այս առումով միայն թիրախավորելը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մեր համար անընդունելի է: Մենք ասում ենք, որ մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»,- ասաց Ս.Օհանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու գործընթացի համար հիմքերն այսօր առկա չեն. Սեյրան Օհանյան