«Ժողովուրդ». Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել
Օրվա մամուլ
08:50 07/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։ Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի»՝ շարֆն արժեցել է 45 հազար 312 դրամ։ Վարչապետի ստացած կնոջ շարֆը պատրաստված է բամբուկից և զարդանախշ տուփով է եղել։

Բացի շարֆից՝ Փաշինյանին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը նվիրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստված է եղել վիետնամական Qua Quy ընկերության կողմից և արժեցել է 45 հազար դրամ։

Կարող ենք ենթադրել, որ կնոջ շարֆը Աննա Հակոբյանի համար է եղել, իսկ մանրակերտը՝ Փաշինյանի, սակայն ինչպես հասկացանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Փաշինյաններին պետք չի եկել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder