Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Հնդկաստանի դեմ
Քաղաքական
11:12 10/05/2025
Աշխարհ

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Հնդկաստանի դեմ։ CNN-ը գրում է՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև շաբաթներ շարունակվող առճակատումն էլ ավելի սրվեց շաբաթ օրը, երբ Իսլամաբադը ռազմական գործողություններ սկսեց՝ ի պատասխան իր ռազմական բազաների վրա Հնդկաստանի կողմից գիշերը հասցված հարվածների։ Միջուկային զենք ունեցող հարևանները այժմ գտնվում են տասնամյակների ընթացքում իրենց ամենածավալուն ռազմական հակամարտության մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային հանրությունը կոչ է անում հանգստության և զսպվածության։

Պակիստանը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը որսացել է Հնդկաստանի հրթիռների մեծ մասը։ Ժամեր անց պայթյուններ են գրանցվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, այդ թվում՝ տարածաշրջանի ամենամեծ քաղաքում՝ Սրինագարում և Ջամմու քաղաքում։ Պայթյունների պատճառը դեռևս պարզ չէ։

 Պակիստանի զինված ուժերը պնդում են, որ «Բունյան Մարսուս» գործողությունը, որը նշանակում է «Երկաթե պատ», հարվածել է Հնդկաստանի և Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի բազմաթիվ թիրախների, այդ թվում՝ բրիգադի շտաբի, դաշտային մատակարարման պահեստի, հրետանային զենքի դիրքի, հրթիռային մարտկոցի կայանի և երեք օդանավակայանի։

BBC-ն գրում է՝ Հնդկաստանի բանակը մեղադրում է Պակիստանին «էսկալացիայի» և «սադրիչ» լինելու մեջ, մինչդեռ Պակիստանի բանակը պնդում է, որ ոչնչացրել է Հնդկաստանի S-400 պաշտպանական համակարգերը, ինչը Դելին հերքում է։

Այս շաբաթվա սկզբին Հնդկաստանը հարվածներ հասցրեց Պակիստանի և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի թիրախներին՝ ի պատասխան անցյալ ամիս Փահալգամում հնդիկ զբոսաշրջիկների վրա կատարված մահացու զինյալների հարձակման։ Իսլամաբադը հերքում է իր մասնակցությունը։

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են սահմանային հրետակոծության, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մեջ, որոնք սկսվել են Հնդկաստանի ռազմական գործողություններից ի վեր։ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում տասնամյակներ շարունակ ապստամբություն է տեղի ունեցել, որը հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Հնդկաստանն ու Պակիստանը  պնդում են իրենց վերահսկողությունը Քաշմիրի վրա։

«Հենակետ» վերլուծական կենտրոնը, անդրադառնալով հակամարտության պատճառներին, նշել է, որ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը թեև սկսվել է սույն թվականի ապրիլ ամսվա վերջին օրերին, սակայն նախապատրաստվել է ավելի վաղ։ 2025թ. փետրվարին հնդկական հետախուզությունը պաշտոնապես տեղեկատվություն տարածեց այն մասին, թե վիճահարույց Ջամու և Քաշմիր շրջանում կա մինչև 100 օտարերկրյա զինյալ, որոնք «այս ամառ ավերածություններ կիրականացնեն Հնդկաստանում»: Ձմեռվա այդ օրերին Հնդկաստանը և Պակիստանը հարվածներ են փոխանակել Ջամու և Քաշմիր վիճելի շրջանի Պունչ շրջանում, որտեղ անցնում է այսպես կոչված «վերահսկողության գիծը»:

Մի քանի ամիս անց, արդեն ապրիլի 22-ին Քաշմիրում Պակիստանի զինյալները հարձակվել են զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Որից հետո Հնդկաստանը լիարժեք մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերը, ինչպես նաև դիտարկեց Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Սակայն դրանով չի ավարտվում Հնդկաստանի պատասխան ռեակցիան՝ Հնդկաստանը երկրից արտաքսում է Պակիստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում Պակիստանի դեսպանատան բոլոր կցորդներին։ Այնուհետև որոշում է կասեցնել Պակիստանի հետ Ինդոսի ջրերի մասին 1960թ. համատեղ պայմանագրի գործողությունը։ Հետո փակում է Պակիստանի հետ սահմանը և հետ է կանչում Իսլամաբադում գտնվող իր բոլոր դիվանագետներին։

 Ի պատասխան Հնդկաստանի գործողությունների Պակիստանը իր զորքերը բերում է լիակատար մարտական պատրաստվածության։ Ինչպես նաև արտաքսում է Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանատան բոլոր ռազմական կցորդներին։ Հայտարարվում է, որ Պակիստանը որպես պատերազմի ակտ կընկալի Ինդոսի ջրերի մասին պայմանագրից դուրս գալուց հետո ջրամատակարարումը փակելու Հնդկաստանի ցանկացած փորձ:

 Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է հրավիրում Հնդկաստանի հետ կապված իրավիճակի և ջրային ռեսուրսների արգելափակման վերաբերյալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder