Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերական լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, վերջին լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ով. ԲՏԱ նախարար
Հասարակություն
12:48 15/05/2025
Հայաստան

Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերական լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, վերջին լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ով. ԲՏԱ նախարար

«Մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես, տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը»,-Ազգային ժողովում լրագրողների ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին:

Նրա փոխանցմամբ, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, որ չի բացառվում 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում հնարավոր լինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ 

«Սակայն մենք համարեցինք, որ, այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե՝ ոչ: Մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կա՞ն այդպիսի լուսանկարներ և եթե կան, փոխանցենք գործընկերներին։

Եվ վերջին յոթ-ութ օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար երկու տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն  պետք է տխրությամբ ասեմ, որ մինչ այս պահը պարզել ենք՝ տվյալ տեղանքի վերջին լուսանկարները ապրիլի 26-ով են թվագրվում, ինչը բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ: Վստահեցնում եմ՝ ավելագույնն է արվում»,- ասաց Մ.Հայրապետյանը:

Նա նշեց, որ մանկահասակ երեխաների պարագայում իսկապես, ըստ մասնագետների, չափազանց բարդ է  տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը։

Հիշեցնենք, որ 2-ամյա Տիգրանը կորել է մայիսի 4-ին։ Երեխայի որոնողական աշխատանքները շարունակավում են։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder