Եթե ՍԱՏՄ տեսուչն ուրախությամբ իր պարգևավճարը տալիս է ուրիշին, նշանակում է, որ նա պատշաճ ստուգում չի իրականացնում. Պիպոյան
Իրավունք
16:23 16/05/2025
Հայաստան

Եթե ՍԱՏՄ տեսուչն ուրախությամբ իր պարգևավճարը տալիս է ուրիշին, նշանակում է, որ նա պատշաճ ստուգում չի իրականացնում. Պիպոյան

«Եթե ՍԱՏՄ տեսուչն ուրախությամբ իր պարգևավճարը վերադարձնում է այն պահանջող վերադասին, որևէ մեկին չի բողոքում, դա նշանակում է, որ նա պատճաշ ստուգում էլ չի իրականացնում։ Եթե պատշաճ իրականացներ, իր պարգևավճարն ուրիշին չէր տա»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի կալանավորմանն ու դրա պատճառներին։

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ նախկին ղելավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Ըստ տեղեկությունների, Ա. Դանիելյանը աշխատակիցներին մարզեր գնալու համար հասանելիք բենզինը չի հատկացրել և այն վաճառել է։ Մեկ այլ դրվագով Արմեն Դանիելյանը նախ իր ենթականերին պարգևավճար է բաժանել, ապա հետ է վերցրել, ըստ էության գրպանել է աշխատակիցներին՝ պետբյուջեից տրամադրված գումարները։

Անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով՝ Պիպոյանն ընդգծեց, եթե ստեղծվում է այնպիսի համակարգ, որ ինչ-որ մեկը կարողանա վատ ստւգել, կամ չստուգել տնտեսվարողին, ուրեմն դրա հետ մեկտեղ պետք է ստեղծել աներևակայելի ներքին վերահսկողական համակարգեր, դրանց վրա էլ ծախսել ահռելի ռեսուրս։

«Դա ինձ համար անընդունելի մոտեցում է։ Ինչո՞ւ, քանի որ այդ ռեսուրսները պետք է ծախսվեն արդյունավետ՝ ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ ներքին վերահսկողության կարիք չլինի»,-ասաց նա․

ՀԿ նախագահն ընդգծում է, այս ոլորտում պարգևավճարների տրամադրումը շատ կարևոր է, քանի որ եթե տեսուչը գնում է ստուգման, հնարավոր է՝ իրեն կաշառք առաջարկեն։

«Մարդը, օրինակ, չի կարող հինգ անգամ ենթադրենք 1000 դոլար կաշառքից հրաժավի, դու իրեն տաս պայմանական 100 հազար դրամ աշխատավարձ։ Հետևաբար, նրան պատշաճ աշխատավարձ պետք է սահմանված լինի, որը պետք է լրացվի։ Քաղծառայության ոլորտում կան աշխատանքներ, որոնք ավելի աշխատատար են»,-ասաց նա։

Եթե տեսուչը, ըստ նրա, կարող է հանրային սննդի կետի ստուգումից չբերել հատակի, պատերի, առաստաղի նկարները, ապա նա միշտ էլ կարող է գտնել ռակուրս, որտեղից պատի ճաքը կամ այլ բաներ չերևան։

«Այստեղ մենք պետք է խոսենք ոչ միայն տեսուչի վերադասի, այլև վերադասի վերադասի մասին, այս համակարգերն ունեն պատասխանատուների մի ամբողջական շղթա՝ տեսչական մարմնի աշխատանքը համակարգում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը, գրասենյակը համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, դա էլ համակարգում է վարչապետը»,-մանրամասնեց նա։

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահն ընդգծեց՝տարիներ շարունակ փորձագետները բարձրաձայնում են տեսչական մարմինների այս աշխատանքը բիզնեսակենտրոն է, լավ համակարգ չի։

«Ես միշտ եմ ասել սա։ Մենք կարող ենք բերել շատ պրոֆեսիոնալ վարորդ, որը կկարողանա այս մեքենան՝ ստեղծված համակարգը, վարել այնպես, որ վթար չլինի։ Բայց շատ ավելի անկեղծ լինեմ, այն վարորդները, որ կարող են առանց վթարի մեքենան վարել, կհրաժարվեն այդ մեքենան վարել, քանի որ հասկանում են այդ մեքենայով անկախ ամեն ինչից ցանկալի արդյունք չեն ունենա։ Իսկ վթարի չենթարկվելն ու արդյունք արձանագրելը տարբեր բաներ են։ Բայց մենք հիմա ունենք վատ մեքենա, որը վատ է կառավարվում։ Տեսեք՝ ինչ արագությամբ ՍԱՏՄ որերորդ ղեկավարը փոխվեց, արդյունքներ չկան»,-ամփոփեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ՍԱՏՄ տեսուչն ուրախությամբ իր պարգևավճարը տալիս է ուրիշին, նշանակում է, որ նա պատշաճ ստուգում չի իրականացնում. Պիպոյան