Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե կրթական հաստատություններում ունենք նման հարաբերություններ, դա նշանակում է՝ հասարակությունը փչացած է. կրթության փորձագետ
Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը դպրոցներում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, մասնավորապես անցած շաբաթ հայտնի դարձած Մերձավանի ու Մխչյանի դպրոցների դեպքերը, համարում է «բարեփոխումների» հետևանք։
«Այդ ամենն, այսպես ասած, «բարեփոխումների» հետևանքներն են, որոնք ի հայտ են գալիս, ջրի երես են ելնում այսպիսի էպիզոդիկ դեպքերով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Նա նշեց, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում դպրոցներում, այն մթնոլորտը, որ կա ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող հարաբերություններում, դպրոցներում թմրանյութերի տարածման մասին։
«Այդ դեպքերն ակնառու դարձրեցին այն խնդիրները, որոնք ունենք կրթության համակարգում։ Կրկնեմ, սա, այսպես ասած, բարեփոխումների և նորաձև կրթության հետևանքներն են»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ, օրինակ, Մերձավանի դպրոցնում աշակերտների վարքը «բեսպրեդելի հետևանք է», երբ որ որևէ ձևով չի արգելվում, ընդհակառակը՝ խրախուսվում է։
Ա. Մխիթարյանի խոսքով, նման դեպքերը համատարած են, իսկ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի մեկնաբանությունները, ոչ համապատախան իրավիճակին. «Իրենք պետք է իրենց մեջ գտնեին մեղավորներին, ոչ թե դպրոցի տնօրենին քավության նոխազ դարձնեին։ Իրենք պետք է իրենց մեջ փնտրեն, քանի որ դպրոցի տնօրեն նշանակողը, լիցենզիա տվողը, նույն նախարարությունն է։ Ուրեմն ինչ-որ բան սխալ է հենց այնտեղ, ոչ թե կոնկրետ դպրոցում»։
Փորձագետը նշեց, որ դպրոցներում մուտք է գործել «վայրենի ժողովրդավարությունը», «խոսքի ազատությունը», որտեղ յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է, դրան հետևող որևէ խստություն, պահանջ չկա։
«Վերջին հաշվով, այս ամբողջն ազդելու է մեր հասարակության զարգացման ուղու վրա, դա տանելու է դեպի հետընթաց, քանի որ կրթությունից կախված է ամեն ինչ։ Եթե կրթական հաստատություններում ունենք նման հարաբերություններ, դա նշանակում է, որ հասարակությունը, ըստ էության, բառի ուղիղ իմաստով, փչացած է»,- ասաց Ա. Մխիթարյանը։
Խոսելով ԿԳՄՍ նախարարության հերթական նախաձեռնության մասին՝ ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելքն ու մուտքն առավել կառավարելի լինի, կրթության փորձագետն ասաց. «Դա խնդրի լուծում չէ, հերթական շոուն կլինի, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչպես պետք է այդ ամբողջին հետևեն։ Դա որևէ ձևով չի նպաստելու մթնոլորտի առողջացմանը։
Մթնոլորտի լավացմանը պետք է նպաստի առաջին հերթին կրթության ոլորտում կադրերի փոփոխություն։ Չգիտես ինչու՝ դրա մասին ոչ ոք չի խոսում։ Իսկ ովքե՞ր են պատասխանատուները, արդյո՞ք նրանք ավելի բարձր էշելոններում չեն, ավելի բարձր պաշտոններ չեն զբաղեցնում։ Կրթության համակարգի կառավորղները պետք է լինեն այն կադրերը, որոնք կրթության ոլորտում ունեն որոշակի հետագիծ։
Երկրորդ՝ վերափոխել կամ թարմացնել հասարակության վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ։ Դա նշանակում է՝ ուսուցչի աշխատավարձի էական բարձրացում, որի մասին հազար անգամ խոսել ենք։ Ուսուցչի աշխատավարձն արտահայտում է հասարակության վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Դա շոուներով չի լինում, դա լինում է շատ կոնկրետ քայլերով»։