Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն խաղաղության պայմանագրի ստորագրումով, ոչ թե չստորագրումով. Միրզոյան
«Մեր մոտեցումն է՝ եթե չկա կոնֆլիկտ, իսկ կոնֆլիկտ չլինելը մենք հասկանում ենք ինստիտուցիոնալիզացված կերպով, որն է` ստորագրված, վավերացված կամ շատ ավելի պատկերացնելի, շոշափելի խաղաղություն, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող, դրա մանդատն ունեցող կառույցների անհրաժեշտություն»,-Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանները խաղաղության համաձայանագիրը ստորագրելու համար, որոնցից մեկը հենց Մինսկի խմբի լուծարումն է։
Նա նշեց, որ այս օրակարգն իրենց համար քննարկելի է։
Ինչ վերաբերում է մյուս նախապայմանին՝ ՀՀ Սահմանադրությանը, Ա, Միրզոյանն ասաց, որ այստեղ ունեն երկու ճանապարհ. «Այս օրակարգը մեզ համար ընդունելի չէ, բայց ուզում եմ առիթն օգտագործել և բացատրել. եթե դիցուք Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, անկեղծորեն Ադրբեջանը մտահոգված է, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, այս դեպքում այդ մտահոգությունների հասցեագրման ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը:
Այս պայմանագրի ստորագրումից հետո մեր օրենսդրության պահանջների համաձայն պետք է անցնի վավերացման գործընթաց: Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որն աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը: Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ մենք ստորագրում ենք պայմանագիրը և հարցնում ենք Սահմանադրական դատարանի կարծիքը և ՍԴ-ն ասում է՝ սա համապատասխանում է Սահմանադրությանը, սրանով հարցը փարատվում է»։