«Փաստ». Ինչից են սարսափում Հայաստանի իշխանությունները, որ նորից «խուժան կռիվ» են սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ
Օրվա մամուլ
08:43 31/05/2025
Հայաստան

«Փաստ». Ինչից են սարսափում Հայաստանի իշխանությունները, որ նորից «խուժան կռիվ» են սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ

«Փաստ» թերթը գրում է.

«Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:

Հիմա էլ իշխանությունները նոր գույներ են ավելացնում Եկեղեցու դեմ ուղղված իրենց արշավում, որն արդեն վերաբերում է Եկեղեցու պատմամշակութային հուշարձաններին (Եկեղեցու և եկեղեցականների դեմ փողոցային բառապաշարով պատերազմին կանդրադառնանք առանձին)՝ մասնավորապես՝ եկեղեցիները «չուլանացված» որակելով։ Նման արտահայտությունները հստակ նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել Եկեղեցու դերը, այլև խաթարել հասարակության մեջ նրա հեղինակությունը։ Ինչպիսի սարսափ ՀԱԵ-ից:

Մյուս կողմից էլ՝ Եկեղեցու հասցեին հնչեցվող նման հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ միայն ներհայաստանյան դիսկուրսի համատեքստում, այլ նաև որպես ազգային դիմադրողականության բաղադրիչի թուլացման ռազմավարություն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրական սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վկայությունն են Արցախի տարածքում ոչնչացված և պղծված եկեղեցիները։ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախում վերացնի հայոց եկեղեցու թողած հետքերը։

Դրա համար էլ պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվել հայկական կրոնական ժառանգության աղվանացման քաղաքականությունը։ Անգամ փոփոխությունների է ենթարկվում Արցախի եկեղեցիների ճարտարապետական տեսքը, որպեսզի ցույց տրվի, թե այն հայկական չէ։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններում անընդհատ թիրախավորվում է հենց մեր Եկեղեցին։ Վերջերս էլ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարում էր, թե «հայկական եկեղեցին, իր Կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում, Եկեղեցին սպառնալիք է հարևան երկրների համար»։

Թե ինչու են Ադրբեջանում այդքան սարսափում Հայ առաքելական եկեղեցուց, թե ինչու են հարձակվում նրա վրա, կարծում ենք՝ պարզ է։ Այդ կառույցը պատմականորեն իր մեջ խտացնում է հայկական ինքնության արմատները, որոնցից էլ աճում են ազգային զարթոնքի ու ազգային ազատագրական պայքարի ծիլերը։ Ու Ադրբեջանում անհանգստացած են, որ հանկարծ մի օր էլ հայ ժողովուրդը կարող է համախմբվել հոգևոր կառույցի շուրջ, արթնանալ ու վերջ դնել Ադրբեջանի կողմից Հայաստանի նսեմացման ու կատարվող զիջումների գործընթացին։ Ըստ երևույթին, նաև Հայաստանի իշխանություններն են դրանից սարսափում, դրա համար էլ «խուժան կռիվ» են նորից սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Ինչպիսի միակարծություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Ինչից են սարսափում Հայաստանի իշխանությունները, որ նորից «խուժան կռիվ» են սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ