Ռուսական թանգարանը 2026-ին կներկայացնի Հովհաննես Այվազովսկու մասշտաբային ցուցահանդեսը
Մշակույթ
15:03 02/06/2025
Աշխարհ

Ռուսական թանգարանը 2026-ին կներկայացնի Հովհաննես Այվազովսկու մասշտաբային ցուցահանդեսը

Ռուսական թանգարանը 2026 թվականին կբացի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մեծածավալ ցուցահանդեսը։ Այս մասին «Интермузей - 2025» փառատոնի շամանակ հայտարարել է Ռուսական թանգարանի գլխավոր տնօրեն Ալլա Մանիլովան։

«Այվազովսկու անունը ռուսական գեղանկարչության խորհրդանիշներից մեկն է համաշխարհային գեղարվեստական ​​մշակույթի համատեքստում։ Նոր տարվա տոների ընթացքում Միխայլովսկի պալատում հսկայական հերթեր էին։ Այս մասին ռեպորտաժներ նկարահանող լրագրողները հարցնում էին մարդկանց, թե ինչու են նրանք հերթերում կանգնած նման ցրտի ժամանակ և պահպանում հիանալի տրամադրություն։ Մարդիկ եկել էին երկրի տարբեր ծայրերից՝ ընտանիքներով, ընկերներով և զույգերով։ Պատասխանների մեջ առաջին տեղը Այվազովսկուն Ռուսական թանգարանում տեսնելն էր։

Սա հաստատվում է մեր սեփական հարցումներով, որոնք մենք անցկացնում ենք ամբողջ տարվա ընթացքում մշտական ​​ցուցահանդեսի սրահներում: Վերջապես, վերջերս հանդիպեցի մեր հրաշալի հսկիչների հետ և հարցրի նրանց դիտարկումների մասին. ի՞նչ են մարդիկ ամենից հաճախ հարցնում: Եվ ի՞նչ եք կարծում դուք: Նույն պատասխանը. ինչպե՞ս հասնել Այվազովսկու շկտավներին: Մենք այս ցուցահանդեսը պլանավորել էինք ավելի ուշ ժամանակի համար, բայց հասկացանք, որ չենք կարող հետաձգել այն: Մարդիկ սպասում են: Եվ շատ շուտով մենք կթեժացնենք  Սանկտ Պետերբուրգում այդքան սիրված ծովային թեման. «Ռուս ծովանկարիչներ» ցուցահանդեսը կբացվի հուլիսի 25-ին՝ Նավատորմի օրվա առթիվ», - ասել է Ռուսական թանգարանի գլխավոր տնօրեն Ալլա Մանիլովան:

2026 թվականի նոր ցուցահանդեսում կներկայացվեն Հովհաննես Այվազովսկու ավելի քան 200 աշխատանքներ, այդ թվում՝ առաջին կարգի գլուխգործոցներ, որոնք պահվում են Ռուսական թանգարանի հավաքածուում՝ «Իններորդ ալիք», «Աշխարհի արարում», «Ջրհեղեղ», «Ալիք»։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսական թանգարանը 2026-ին կներկայացնի Հովհաննես Այվազովսկու մասշտաբային ցուցահանդեսը