Գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանի «արդյո՞ք Գարեգին Բ-ն զավակ ունի» հարցադրման մասին
Հասարակություն
16:53 03/06/2025
Հայաստան

Գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանի «արդյո՞ք Գարեգին Բ-ն զավակ ունի» հարցադրման մասին

«Գերագույն հոգևոր խորհրդի երեկվա հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, չեմ կարծում,  որ դրանից դուրս որևէ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն կա»,- լրագրողների հետ զրուցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ խոսելով եկեղեցու, հոգևորականների դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին։ 

Հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, այդ հայտարարությունը «մեղմ ու անատամ չէ՞ր», Սրբազանն ասաց, որ արվել է այնպիսի հայտարարություն, ինչպիսին հարմար է նկատվել։

«Դուք առաջարկում եք  մենք օգտագործենք այնպիսի բառապաշար, ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դեմ նախաձեռնողների կողմի՞ց»,- ասաց Արշակ Սրբազանը։

Անդրադառնալով Փաշինյանի  գրառումներից մեկին՝ «քեռակնոջ պատմության մասին», ո՞ւմ էր ուղղված, Սրբազանը նշեց, որ այդ մասին պետք է Փաշինյանից հարցնել, ինքն է դրա հեղինակը։

«Որքանով է կոռեկտ, որքանով էր երկրի ղեկավարին հարիր ձևակերպում, դա ինքը պետք է ասի։ Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտություն և անընդունելի ոճով գրառում։

Ես իր նախասիրությունների մասին տեղյակ չեմ»։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ գրառմանը, ըստ որի «եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և  զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս», ինչպե՞ս է եկեղեցին արձագանքում այս հայտարարությանը, Արշակ Սրբազանն ասաց . «Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ: Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Գարեգին Երկրորդին, փոխարինել նրան,  Արշակ Սրբազանը պատասխանեց. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։

Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք։

Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ... Առանցքայինն այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատել»։

Հարցին՝ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, Սրբազանը պատասխանեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա, որ նաև ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզնից որևէ մեկն ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզնից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։

Լրագրողը հարցրեց՝ արդյոք Մայր Աթոռն իրավապահներին կդիմի զրպարտանքներին իրավական գնահատական պահանջելու համար, Սրբազան պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։

Իրավիճակի հետ կապված կհասկանանք, հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder