Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գարեգին Երկրորդ. Հավատում ենք՝ Աստծո ողորմությամբ, ձեզ հետ միասին, առանց ընդվզումների, պետք է կարողանանք հաղթահարել այս դժվարությունները
«Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգաց և կանոնաց համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունեմ»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Լրագրողների այլ հարցերի Կաթողիկոսը չպատասխանեց։
Այնուհետև Գարեգին Երկրորդը խոսքն ուղղեց հավաքված ժողովրդին. «Մեր գնահատանքն ենք բերում, որ այս ուշ ժամին համախմբվել եք այստեղ։ Դուք եկել եք այստեղ ձեր վրդովմունքն արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տված եկեղեցու, եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։
Գիտենք, որ վարչապետի կողմից հնչեցված այդ արտահայտությունները համընդհանուր վրդովմունք ենք առաջ բերել մեր ժողովրդի, զավակների շրջանում ամբողջ աշխարհում։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին, խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պետք է կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։
Ամուր մնացեք ձեր հավաքի, առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով և հավատարմությամբ առ ձեզ, առ մեր հայրենիք իրականացնելու արդյունավոր կերպով, անշեղորեն։
Մեր հորդորը պետք է լինի ձեզ, որ այս դժվարին ժամանակներում ամուր և հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտանք, որ որևէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։
Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պետք է կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին, հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտենք մեր ու մեր զավակների վաղվա պայծառ օրը։
Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր ու հավիտյանս»։


Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով մեկօրյա այցից հետո վերադարձավ ԱՄԷ-ից։