Ցորի գործով տուժողները դժգոհ են. Ջալալ Հարությունյանի պաշտպանն իրավունքի չարաշահում է թույլ տալիս
Իրավունք
17:59 11/06/2025
Հայաստան

Ցորի գործով տուժողները դժգոհ են. Ջալալ Հարությունյանի պաշտպանն իրավունքի չարաշահում է թույլ տալիս

Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Ամբաստանյալ, ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր ճանաչված ու  հինգ ու կես տարի ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանը հայտարարեց, որ այլևս չի կարող մասնակցել նիստին, քանի որ կալանքի հարցով նիստ ունի։

Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները համարում են, որ իրավունքի չարաշահում է տեղի ունենում։

Զոհված Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ պաշտպանական կողմը փորձում է անընդհատ ձգձգել գործընթոցը՝ հասնելու հոկտեմբերի 12-ին, երբ լրանում է վաղեմության ժամկետը։

Որպես ասածի ապացույց, նա նշեց, որ Հարությունյանն ու պաշտպանը նիստի ժամանակ էջերով ընթերցում են գործով ապացույցները, բողոքները,  չնայած այն բանին, որ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը երբեմն ընդհատում է նրանց ու հիշեցնում՝ Վերաքննիչում պետք է ներկայացվեն բողոքների վերաբերյալ դիտողությունները։

«Բացի այդ, դատավորն ամեն անգամ ասում է, որ այլ գործերով նիստեր ունեն, հետաձգում են՝ առաջնահերթություն տալով այս գործին։ Ընդ որում, այսօր մեր փաստաբանն ասաց՝ կալանքի գործով նիստ ունի, խնդրեց, որ ինքը դուրս գա, մենք չառարկեցինք, որ նիստն առանց Լիպարիտ Սիմոնյանի էլ կարող է շարունակվել։ Դրանից հետո Հարությունյանի պաշտպանն ասում է՝ պետք է գնամ։ Իրենք անընդհատ ամեն բան անում են, որ նիստերը հետաձգվեն, իսկ դատարանն ունի գործիքակազմ սանկցիաներ կիրառելու։ Կարծում ենք, որ կա իրավունքի չարաշահում, և սանկցիա պետք է կիրառվի»,-ասաց Ա. Մանասյանը։

Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմը դեռ երկու բողոք ունի ներկայացնելու, ելույթներ պետք է ունենան հանրային մեղադրողը, տուժողների հարազատները։

«Ժամերով բողոք է կարդում  պաշտպանը՝ ոչ ըստ էության։ Սա բերելու է նրան, որ մենք ստիպված լինենք վերջում հրաժարվել  ելույթներից, որպեսզի ժամանակ չգնա։ Մենք տեսնում ենք դատավորների խստությունը, նաև տուժողների հարազատների նկատմամբ են շատ խիստ, բայց տեղի է ունենում իրավունքի ակնհայտ չարաշահում»,-ասաց Մանասյանը։

Նշենք, որ այսօրվա նիստում հունից դուրս եկավ դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Դիմելով Հարությունյանի պաշտպանին՝ նա հայտարարեց, երրորդ նիստն է՝ նրա բողոքն են լսում։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 16-ին ժամը 12։30-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցորի գործով տուժողները դժգոհ են. Ջալալ Հարությունյանի պաշտպանն իրավունքի չարաշահում է թույլ տալիս