Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, նախ և առաջ մեր երկրի. ՀՀ նախկին վարչապետ
Քաղաքական
10:21 18/06/2025
Հայաստան

Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, նախ և առաջ մեր երկրի. ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել` իր զորակցությունը հայտնելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանին.

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար: Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին:

Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլև դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին: 

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին` Սամվել Կարապետյանին»:

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Այդ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ուզում են ձերբակալել Սամվել Կարապետյանին։ Իսկ գիշերն արդեն ոստիկանների ուղեկցությամբ նա դուրս եկավ իր առանձնատնից և դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե որ իրավապահ մարմնում է գտնվում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder