Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը մեր վստահորդը չի ընդունում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
«Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը բացարձակ իրականության հետ կապ չունի»,-մանրամասնեց փաստաբանը։
Նրա խոսքով, ցանկանում են կալանքը որպես խափանման միջոց կիրառել Կարապետյանի նկատմամբ: Այս պահին միջնորդություն դեռևս ներկայացված չէ:
Փաստաբան Լիաննա Գասպարյանը մանրամասնեց, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
«Զավեշտալին այն է, որ նշված հոդվածը, ըստ էության, նախատեսում է պատիժ այլընտրանքային ձևով, տուգանք, հանրային աշխատանքի կատարում, այն հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն։ Նման հոդվածով անձին ներկայացնել կալանքի վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է, ինչի հետ կապված բողոքներ ենք ներկայացնելու բոլոր ատյաններում»,-ասաց փաստաբանը։
Նա մանրամասնեց, կալանքի միջնորդությունը դեռ մուտքագրված չէ դատարան, բայց կա տեղեկություն, որ պատրաստում են։ Ներկայացնելու դեպքում այն քննվելու է Ավանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Սամվել Կարապետյանը բնականաբար չի ընդունում մեղադրանքը»,-ասաց Լ. Գասպարյանը։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ հայտնեց, որ ավելի քան 50 անձ Կարապետյանի տան մոտից բերման է ենթարկվել, նրանց սահմանված ժամկետից շատ են պահել անազատության մեջ, անհամաչափ հարկադրանք է կիրառվել, խախտվել է բնակարանի անձեռնմխելիության հետևանքը։
«Ընացքում դուք էլ կհամոզվեք, որ և վարույթ նախաձեռնելը, և հարկադրանի միջոց կիրառելը, և հանրային քրեական վարույթ նախաձեռնելը, մեղադարնք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ։ Ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ժամանակ՝ աբսուրդի ժանրից է, ավել ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց Ռ. Հակոբյանը։
Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո , երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։
Նույն հայտարարության մեջ նա նաև նշել էր. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Ահա սա են համարում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։