Վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ. Գարեգին Երկրորդ
Հասարակություն
12:46 23/06/2025
Հայաստան

Վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ. Գարեգին Երկրորդ

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի է ունեցել միաբանական համագումար, որին մասնակցել են  Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

Մար Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, 9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի արքայության»։

Հունիսի 17-ին՝ միաբանական հավաքի բացմանը, մասնակիցներին ողջունել է կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը և հանձնախմբի անդամ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։

Համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու հայրական պատգամն է բերել նաև Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը ողջունել է Սուրբ Էջմիածնում համագումարի առիթով համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը՝ ընդգծելով, որ ավանդություն դարձած նման հավաքները բարեպատեհ առիթ են զորանալու աղոթական ոգու մեջ, նաև հնարավորություն անդրադարձ կատարելու Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներին, համատեղ փնտրելու դրանց հաղթահարման ուղիները։

Նորին Սրբությունը, անդրադառնալով Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի բացառիկ առաքելությանը, ի մասնավորի նշել է․ «Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր կենտրոնով, բոլոր ժամանակներում Տիրոջ լուսեղեն պատգամներն է փոխանցել հայորդյաց, հոգևոր, ազգապահպան իր առաքելությանը զուգընթաց օրհասական պահերին՝ պետականության բացակայության պայմաններում, ստանձնել քաղաքական առաջնորդությունը մեր ժողովրդի և միշտ եղել տերն ու պաշտպանը ազգային իրավունքների և քրիստոնեական մեր սրբազան արժեքների»։

Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ է կատարել Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է հայրենիքի և Հայոց Եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ և ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։

«Այսպես, սիրելի միաբաններ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարօր կյանքը հայկազյան մեր ազգի և միշտ պայծառ պահել մեր Սուրբ Եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո, հայրենիքի և գալիք սերունդների առջև», - ընդգծել է Նորին Սրբությունը։

Վերջում Հայոց Հովվապետն իր բարձր գնահատանքն է բերել միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ և նախանձախնդիր սպասավորության համար՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին՝ համատեղ ջանքերով հասնելու խաղաղ և լուսավոր հանգրվաններին։

Համագումարի մասնակիցներին ողջունել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:

Հնգօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները քննարկել են Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, լսվեցին ադրի հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ և բանախոսություններ:

Միաբան հայրերը մասնակցել են Արարատյան շաբաթվա Սուրբ Պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Հունիսի 21-22-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կազմակերպիչ հանձնախմբի անդամները մի խումբ միաբանների հետ հովվական առաքելությամբ մեկնել են նաև Սյունյաց թեմի համայնքներ։ Մայր Աթոռի միաբաններն այցելություններ են կատարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայերի, բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ. Գարեգին Երկրորդ